Երեխաներն արգանդում զգում են մայրական սթրեսը։ Այս եզրակացությանն են եկել բժիշկները՝ 4 D ՈւՁՀ-ի միջոցով ուսումնասիրելով պտուղը։ Դարեմի համալսարանի հետազոտող Նադյա Ռեյսլենդը (Nadja Reissland) 4D ֆորմատով ՈւՁՀ-ի միջոցով ուսումնասիրել է 15 ապագա մայրերի։

Մոր արգանդում գտնվող երեխայի դեմքը ամենախաղաղ պատկերը պետք է լինի, սակայն ինչպես ցույց է տվել հետազոտությունը, պտուղր ոչ միշտ է գտնվում հանգիստ վիճակում, հաղորդում է Mail Online-ը։

Ռեյսլենդը կարողացել է ուսումնասիրել երեխաների շարժումները եւ հետեւել, թե ինչ հաճախականությամբ են նրանք դիպչում են իրենց դեմքին։ Պարզվել է, որ հետազոտության ժամանակ 8 տղան եւ 7 աղջիկը 342 անգամ հպվել են իրենց դեմքին։

Փորձարկման ժամանակ բժիշկը  նաեւ խնդրել է ապագա մայրիկներին, որ գնահատեն իրենց ապրած սթրեսի մակարդակը։ Ամփոփելով, նա պարզել է, որ որքան հաճախ է հղի կինը անհանգստացել, այդքան շատ է եղել նրա արգանդում գտնվող պտղի հպումների քանակը։  

Բացի այդ հետազոտության արդյունքները ցույց են տվել որ իրենց մայրիկների սթրեսը զգացող երեխաները ավելի հաճախ իրենց ճակատին հպվել են ձախ ձեռքով։ Ըստ Ռեյսլենդի՝ սա շատ կարեւոր է, քանի որ ուշադրության պակասը եւ գերակտիվությունը, աուտիզմը, դեպրեսիան եւ շիզոֆրենիան ավելի շատ ախտորոշվում են  ձախլիկ, քան աջլիկ մարդկանց մոտ։

Եվ չնայած գիտնականների նախկին աշխատանքները ցույց են տվել, որ պտուղը ունակ է զգալ մայրական սթրեսը, Դարեմի համալսարանի աշխատակիցները առաջին անգամ ներկայացրել են իրական փաստ՝ լուսանկարի տեսքով։

«Այս լուսանկարի միջոցով պարզվել է, թե ինչպես են նորածինները արձագանքում իրենց մայրերի օրգանիզմում արտադրվող սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի ավելացմանը։ Տագնապ զգալով՝ նրանք հպվում են իրենց դեմքին եւ դրանով ցանկանում են հանգստացնել իրենց։   Ճակատին կամ կզակին դրած պտղի փոքրիկ ձեռքը սթրեսի մի զարմանալի արտահայտման միջոց է»,-ասել է հետազոտությունն անցկացրած բժիշկը։