Հայաստանում դիտվում է սուր շնչառական վարակների իրավիճակի կայունացում՝ նվազման միտումով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը,  հունվարի 30-ի դրությամբ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմել է 1497 անձ, նախորդ շաբաթվա 2028-ի փոխարեն՝ նվազում 1,3 անգամ: Արձանագրվել է  շտապ օգնության 88 կանչ, նախորդ շաբաթվա 107-ի դիմաց: Հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 706 քաղաքացի (92,8%-ը երեխաներ են), նախորդ շաբաթվա 711-ի փոխարեն:  Հունվարի 30-ի դրությամբ` դուրս է գրվել 201 պացիենտ:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում են «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազում է: Հունվարի 30-ին սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 206 երեխա (Երևան՝ 96, մարզեր՝ 110): Բոլոր երեխաներն ուղարկվել են տուն:

Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին:

Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.

- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, խուսափե´ք  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի: Եթե հիվանդ է ձեր երեխան, մի´ թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,

- եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրե´ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- հագնվե´ք  և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,

- պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

- հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով,

- 0-5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ: