Վրաստանին օգնելու նպատակով իր հրամանով հայկական կողմը վրացական կողմին կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի երկիրը ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում: «Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների մասին։ Նա ինձ հայտնեց, որ մինչ օրս արձանագրվել է կարմրուկի 1028 նոր դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 90-ականներին բազմաթիվ երեխաներ չեն պատվաստվել կարմրուկի դեմ։ Ես տեղեկացա նաև, որ օրական արձանագրվող 50-60 դեպքը իջել է օրական 35-ի՝ շնորհիվ այն հակահամաճարակային միջոցառումների, որ իրականացվում են Վրաստանում, այդ թվում 20-40 տարեկան ազգաբնակչության ինտենսիվ պատվաստումների։ Բարեբախտաբար Հայաստանում վերջին կարմրուկի տեղական դեպքը արձանագրվել է 2007թ-ին՝ շնորհիվ մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների։ Վերջին բերովի դեպքը արձանագրվել էր 2018թ․-ի դեկտեմբերին ՌԴ-ից ժամանած ուղևորի մոտ և կրկին բարեբախտաբար տարածում չէր ունեցել մեր երկրում։ Կոչ եմ անում բոլորին ստանալ ազգային իմունիզացիայի ծրագրով նախատեսված բոլոր պատվաստումները, իսկ գանգատների դեպքում՝ դիմել բժշկի»,- հորդորել է նախարարը։