ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր, հունիսի 5-ին, ընդունեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) ծրագրերի տնօրեն Էլիզաբեթ Ս. Ջորջի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր գնահատեց այս կառույցի ներդրումը երկու երկրների միջեւ համաճարակաբանության ոլորտում արձանագրված հաջողությունների գործում եւ շնորհակալություն հայտնեց ՊՎՆԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքների համար:
«Վարակիչ հիվանդությունների կանխարգելման արդյունքում մեր երկրում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել եւ գրանցված դրական ցուցանիշներով միջազգային ասպարեզում կարող ենք հպարտանալ»,-ասաց նախարարը` վկայակոչելով առողջապահական մարմինների կողմից այս ուղղությամբ կատարված վիթխարի աշխատանքը։
Արմեն Մուրադյանի գնահատմամբ` երկկողմ համագործակցության առանցքային հարցերից է կենտրոնական լաբորատորիայի ձեւավորումը, որն իրականացվելու է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի բազայի վրա:
Այս կառույցը միտված է ապահովելու միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան կարողություններ` լաբորատոր որակի կառավարման, կենսաանվտանգության, կենսաապահովության համակարգերի ներդրում:
Լաբորատոր համակարգի զարգացման առումով նախարարը կարեւորեց նաեւ մարզային լաբորատորիաների վերականգնումը եւ վերազինումը: Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում Շիրակի եւ Տավուշի մարզերում։ Հետագայում ժամանակակից հանրային առողջապահական լաբորատորիաներ կձեւավորվեն Լոռու, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, որոնք կապահովեն մարզային մակարդակում միջազգային պահանջներին համապատասան լաբորատոր կարողություններ:
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացումն առողջապահության համակարգի գերակա ուղղություններից է եւ այս առումով կարեւորվում է հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի ներդրումը, որը կապահովի հիվանդության դեպքերի արագ արձագանքումը:
Էլիզաբեթ Ս. Ջորջը կարեւորեց մշտապես արդյունավետ երկխոսության եւ քննարկումների պայմաններում ընթացող պատշաճ համագործակցությունը եւ ընդգծեց, որ իրենց հիմնական նպատակը վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ ախտորոշման գործում Հայաստանի կարողությունների զարգացումն է:
« Մենք առավել հետաքրրքված ենք հատուկ վտանգավոր ախտածիններով եւ այս ուղղությամբ սերտորեն համագործակցում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,-ասաց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության ծրագրերի տնօրենը։






