Չարորակ ուռուցքների ընդհանուր թվում դիմածնոտային հատվածի ուռուցքները կազմում են 7-8 տոկոս։ Աս մասին տեղեկացրել են դիմածնոտային վիրաբույժներ Հակոբ Խաչատրյանը եւ Հայկ Պապիկյանը փետրվարի 12-ի մամուլի ասուլիսում։

Մասնագետները նշել են, որ դիմածնոտային հատվածի չարորակ ուռուցքները պահանջում են համալիր բուժում՝ տարբեր պրոֆիլի մասնագետների, այդ թվում՝ ուռուցքաբանների եւ քիմիաթերապեւտների ներգրավմամբ։ Խաչատրյանը տեղեկացրել է, որ դիմածնոտային հատվածի քաղցկեղից մահացությունը կապված է բժիշկներին ուշ դիմելու հետ։

Ինչ վերաբերում է  բուժման եւ վերականգնման բարենպաստ ելքին, ապա այստեղ հիմնական դերը խաղում են այնպիսի գործոններ, ինչպիսին են քաղցկեղի հայտնաբերման փուլը, ինչպես նաեւ մետաստազների առկայությունը կամ բացակայությունը։

«Մեր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ դիմածնոտային հատվածի քաղցկեղ է հայտնաբերվել 18-20 տարեկանների մեջ։ Այնինչ, Հայաստանում գործող բժշկական ապահովագրությունը մարդկանց թույլ է տալիս բուժզզնում անցնել տարին մեկ-երկու անգամ, ինչը բարձրացնում է բուժման արդյունավետությունը առողջության հետ կապված խնդիրներ հայտնաբերելիս»,- ընդգծել է Հակոբ Խաչատրյանը։

Խոսելով նման վիրահատությունների արժեքի մասին՝ Խաչատրյանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ դիմածնոտային հատվածի քաղցկեղի ժամանակ դեպքերի մեծ մասում առաջանում է ռեկոնստրուկտիվ վիրահատությունների անհրաժեշտություն։

«Նման վիրահատական միջամտությունը կարող է շատերին անհասանելի լինել՝ հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Այս առումով չի կարելի չնշել վերջերս կայացված որոշման մասին, որի համաձայն՝ օնկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժումը լիովին փոխհատուցվում է պետպատվերով», - նշել է Խաչատրյանը։