Ինսուլտը ամենասարսափելի բժշկական խնդիրներից մեկն է, քանի որ այն անկանխատեսելի է եւ հաճախ մահացու։

Ի տարբերություն այլ լուրջ հիվանդությունների՝ մինչեւ վերջերս հուսալի ախտորոշման թեստեր չկային, որոնք կբացահայտեն, թե ով է «ուղեղի ինֆարկտների» հավանական թեկնածուներից մեկը, հաղորդում է Newsmax Health-ը։

Քներակի հիվանդություններից մեկը, որի ժամանակ քներակի (որը ուղեղին արյուն է մատակարարում) մեջ թրոմբեր են ձեւավորվում, ԱՄՆ-ում ինսուլտների դեպքերի կեսից ավելիի պատճառն է։

Վերջերս ստեղծվել են նոր տեխնոլոգիաներ քներակի թրոմբոզի հնարավոր թեկնածուներին բացահայտելու եւ քներակի խցանումները բուժելու համար՝ խոչընդոտելով ինսուլտի առաջացմանը։

Քներակի հիվանդությունների բացահայտման լավագույն միջոցներից մեկը ՈւՁՀ-ն է, որը անցավ եւ ոչ ինվազիվ թեստ է։ Թեստը կարող է գնահատել քներակով անցնող արյան շրջանառության արագությունը, տալ երակի անատոմիկ պատկերը, թե ինչքանով է այն բորբոքված եւ ինչքան թրոմբներ կան այնտեղ։

Բժիշկները որպես կանոն, թեստը անցկացնում են 50 տարեկանից բարձր հիվանդների համար, ում ընտանեկան պատմության մեջ առկա են  սիրտ-անոթային, անոթների պերիֆերիկ հիվանդություններ կամ ժամանակավոր իշեմիկ նոպաներ, ինչպիսին են մի կողմում հանկարծակի թմրում, թուլություն, խոսքի խնդիրներ, տեսողության հանկարծակի վատացում, գլխապտույտ եւ հավասարակշռության կորուստ։  Սակայն եթե Դուք ցանկանում եք, ապա բժիշկը կանցկացնի այս թեստը, նույնիսկ եթե Դուք չեք համապատասխանում վերը նշված կարգերին։

«Եթե մարդու մոտ նախանշաններ չկան ու քներակը 70 տոկոսով արգելափակված է, ապա մենք առաջարկում ենք  կատարել վիրահատություն»,-ասել է անոթային վիրաբույժ եւ Բալթիմորում Ողորմածության բժշկական կենտրոնի անոթային լաբորատորիայի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Փոլ Լուկասը։

Կարոտիդ էնդարտերէկտոմիայի ժամանակ վիրաբույժը բացում է քներակը եւ հեռացնում տրոմբը եւ երակի ներքին հատվածը։ Իսկ նորացված պրոցեդուրայի՝ քներակի ստենտավորման ժամանակ վիրաբույժը ստենտ է տեղադրում արգելափակված երակի մեջ՝ այն բացելու եւ արյան մատակարարումը վերականգնելու համար։