Ինչո՞վ է պայմանավորված նոր օրենսդրական նախագիծը, որի համաձայն երեխայի սեռի որոշումը պետք է արգելվի մինչեւ հղիության 30-րդ շաբաթը: Ինչու՞ են նախագծի հեղինակները ընտրել հենց այդ ժամկետը: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Նրա խոսքով՝ մոր ցանկությամբ հղիության ընդհատումն ըստ ՀՀ օրենքի հնարավոր է մինչեւ հղիության 12-րդ շաբաթը: Բժշկական ցուցումներով աբորտը հնարավոր է մինչեւ 22-րդ շաբաթը: Այդ ժամկետից հետո աբորտն արգելված է: Այդ դեպքում, ինչու՞ նոր նախագիծը չի առաջարկում հայտնել երեխայի սեռը հղիության 22-րդ շաբաթում:

Ինչպես նշեց Կարինե Սարիբեկյանը, շատերը, խոսելով մարդու իրավունքներից, շեշտում են կնոջ՝ երեխայի սեռը իմանալու իրավունքը:

«Իսկ ե՞րբ է պետք, որ կինը իմանա երեխայի սեռը: Երբ արդեն պատրաստվում է ծննդաբերելու: Մոր գործելակարգերով՝ 30 շաբաթական ժամկետում կնոջը տալիս ենք փոխանակման քարտը, ասում ենք՝ պատրաստվիր ծննդաբերության, ցանկացած պահի կարող ես ծննդաբերել: Մոտավորապես դա յոթ ամսեկան հղիության ժամկետն է: Մենք սեռը ասում ենք, որ նա կարողանա պատրաստվել ծննդաբերությանը, երեխայի հագուստը գնել, սենյակը պատրաստել: 30 շաբաթականը լրիվ բավարար է դրա համար՝ եւս տաս շաբաթ նա ունի ծննդաբերության պատրաստվելու համար» - ասաց Կարինե Սարիբեկյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ 30 շաբաթ ժամկետից հետո քչերը կցանկանան եւ հոգեբանորեն պատրաստ կլինեն աբորտ անել, նույնիսկ եթե երեխայի սեռը նրանց սպասվածը չէր:

«Եթե 30 շաբաթ կինը կրել է երեխային, եթե երեխայի խաղը զգացել է առնվազն տաս-տասնհինգ շաբաթ, ի վերջո նա հասկանում է, որ 30 շաբաթում դա արդեն երեխա է, որին կարելի է գրկել, սիրել ծնվելուց հետո: Ես կարծում եմ, որ դա նույնպես դեր կունենա: Որքան ուշ ասենք, այնքան լավ, բայց ոչ ավելի ուշ, քան 30 շաբաթականում, որ նաեւ կնոջ իրավունքը պաշտպանենք», - ասաց Մոր եւ մանկան առողջության վարչության պետը:

Նա նաեւ նշեց, որ օրենքի այս նախագիծը հնարավորություն կտա պաշտպանել երեխայի կյանքի իրավունքը, չ՞է որ կյանքի իրավունքը ավելի գերադաս է, քան տեղեկատվության (տվյալ դեպքում՝ սեռն իմանալու) իրավունքը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության նախաձեռնած օրինագծի համաձայն առաջարկվում է արգելել երեխայի սեռը որոշելը մինչեւ հղիության 30-րդ շաբաթը: Այս օրինագիծը ՀՀ Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սեռով պայմանավորված աբորտների դեմն առնելու, եւ ծնվող աղջիկների եւ տղաների բնականոն հարաբերակցությունը վերականգնելու համար։ Սակայն պետք է նշել, որ շատ փորձագետներ դեմ են հարցի նման լուծմանը, քանի որ համարում են, որ օրենքի ընդունման դեպքում կավելանան կոռուպցիոն ռիսկերը, իսկ աբորտները կանցնեն ընդհատակ։