Յուրաքանչյուր ծնող հաստատ լսած կլինի հետեւյալ խոսքեր՝ «փորս ցավում է»։ Սա շատ սովորական երեւույթ է երեխաների համար, ու հիմնականում այն շատ արագ անցնում է։ Բայց երբեմն ստամոքսի եւ փորի ցավերը ինչ-որ մի լուրջ պատճառ կարող են ունենալ։ Իսկ ինչպե՞ս կարող ենք տարբերակել։ Ահա մի քանի ճշմարտություններ ստամոքսային խնդիրների մասին, որոնք պետք է իմանա ցանկացած ծնող։

1. «Ստամոքսային հարբուխը»  իրականում հարբուխ չէ

Գաստրոէնտերիտը, կամ ինչպես այն անվանում են ստամոքսային հարբուխը, երեխաների մոտ առաջացող սուր ծակոցների ամենատարածված պատճառներից մեկն է։ Որպես կանոն այն առաջանում է մի վիրուսից, բայց այն հարբուխի վիրուսի հետ ոչ մի կապ չունի։ Ախտանշանները ներառում են լուծ եւ փսխումներ։ Հիվանդությունը շարունակվում է 7-10 օր, եւ բժշկական միջամտության կարիք չկա։ Պարզապես երեխային շատ հեղուկ տվեք։

Բացի այդ, ուշադրություն դարձրեք փսխումների եւ կղանքի զանգվածներում առկա արյանը։ Դա կարող է վկայել, որ ինչ-որ լուրջ խնդիր կա եւ ժամանակն է դիմել բժշկի։

2. Երեխաների մոտ նույնպես լինում են այրոցներ

Գաստրոէնտերիտ ռեֆլյուքսային հիվանդությունը (ԳԷՌՀ) հանդիպում է ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների մոտ։ ԳԷՌՀ հաճախ շատ դժվար է տարբերակել, հատկապես փոքրիկ երեխաների մոտ, բայց փսխումները առաջին նախանշաններից են։ Երեխաները կարող են նաեւ գանգատվել բերանում թթվայնության եւ տհաճ համի առկայության եւ որովայնի վերին հատվածում ցավերի պատճառով։

ԳԷՌՀ կարելի է բուժել անտացիդների միջոցով եւ անհրաժեշտության դեպքում Н2-արգելակիչ դեղամիջոցների (ինչպիսիք են պեպսիդը կամ ռանիտիդինը), ինչպես նաեւ պրոտոնային պոմպի ինհիբիտորների (ինչպիսիք են նեկսիումը կամ պրեվիցիդը) օգնությամբ։ Անգամ դիետաները կարող են օգնել։ ԳԷՌՀ-ով հիվանդ երեխաները պետք է խուսափեն թթու եվ քաղցր ըմպելիքներից՝ օշարակով գազավորված եւ  նարնջի, լոլիկի հյութերից, կծու մթերքներից, ինչպես նաեւ որոշ դեղամիջոցներից (օրինակ, իբուպրոֆեն, որը գրգռում է ստամոքսը)։

3. Երեխաների մոտ հաճախ են փորկապություններ լինում

Փորկապությունը  երեխաների մոտ փորիկի ցավերի բավականին տարածված խնդիրներից մեկն է։ Երեխայի սննդակարգի մեջ բջջանյութով հարուստ մթերքներ ավելացրեք՝ խնձորի հյութ եւ սալորի կոմպոտ։ Բայց եթե երեխայի մոտ նկատվում է քրոնիկ փորկապություն, ապա դա կարող է վկայել ցելիակիա հիվանդության կամ վահանաձեւ գեղձի խնդիրների մասին։

4. Երեխան պետք է շատ ջուր խմի

Ցանկալի է, որ երեխան օրական 8 բաժակ ջուր խմի։ Սա կկանխի գաստրոէնտերիտի առաջացումը եւ կնպաստի աղիքների բնականոն գործունեությանը։

Երեխայի խմած հեղուկի չափաբաժնի կեսը պետք է կազմի ջուրը։ Խուսափեք գազավորված եւ քաղցր հյութերի օգտագործումից, քանի որ դրանք կարող են վնասել ստամոքսը՝ էլ չասած ճարպակալման եւ առողջության հետ կապված այլ խնդիրների մասին։

5. Եթե փորը ցավում է, միգուցե, խնդիրը ստամոքսը չէ, այլ մի ուրիշ բան

Որովայնի ստորին աջ հատվածում սուր ցավերը կարող են կույրաղիքի բորբոքման նախանշաններ լինել, եւ այդ դեպքում երեխային պետք է անհապաղ տեղափոխել  հիվանդանոց։

Քրոնիկ փորացավերը նաեւ կարող են լինել սննդային ալերգիաներից եւ որոշ մթերքների նկատմամբ անհանդուրժողականությունից։