14-ամյա Ջեյկոբ Բրեդենհոֆը Կանադայից բարդ վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ նրա մոտ ոսկրի սարկոմա են ախտորոշել։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, սկզբում բժիշկները կարծում էին, որ դեռահասի հիվանդության պատճառը մարզական վնասվածքն է, բայց ավելի մանրամասն բուժզննությունը ի հայտ բերեց չարորակ ուռուցք։ Ջեյկոբը համաձայնեց փոխատեղման պլաստիկ միջամտություն կատարել, քանի որ ցանկանում է այսուհետ եւս զբաղվել սպորտով։ Վիրահատության իմաստն այն էր, որ ազդրի կամ ծնկահոդի մի մասի անդամահատումից հետո պատվաստվում է ոտնաթաթը՝ 180 աստիճան շրջված։ Այդպիսով, սրունքի հոդը կատարում է ծնկի դեր։
Ջեյկոբին նախազգուշացրին, որ նա կարող է դառնալ ծաղրի առարկա իր արտաքին տեսքի պատճառով, բայց նա նշեց, որ իր համար միեւնույն է, քանի որ չի ցանկանում հրաժարվել սպորտից։ Անդամահատման այլ տարբերակները թույլ չէին տալիս տղային ակտիվ կյանք վարել։
Չարորակ ուռուցքով ոսկրահյուսվածքի հեռացումից հետո պատանին հիվանդանոցում անցկացրեց 150 օր։ Երեք շաբաթ նա չէր կարողանում վեր կենալ անկողնուց առանց կողմնակի օգնության։ Բացի այդ, նա երկարատեւ քիմիաթերապիա պիտի անցներ։
Չնայած անցորդների տարօրինակ հայացքներին՝ Ջեյկոբը հպարտությամբ է ցուցադրում իր նոր «ծունկը», վառ գույներով գուլպաներ հագնելով։ Պատանին բացատրում է, որ մտադիր չէ մարդկանցից թաքցնել իր նոր ոտքը։
Ջեյկոբը ջանում է քայլել հենակներով, բայց երբ առողջական վիճակը վատանում է, նա շարժվում է սայլակով։ Եկող տարի, վերականգնողական շրջանի ավարտից հետո, Ջեյկոբին վերջապես պրոթեզ կտան, ինչը թույլ կտա նրան նորից զբաղվել սպորտով։


Source: The Daily Mail
Photos: Caters News Agency






