ԱՄՆ-ից 42-ամյա Սինդի Բիդլը դեռեւս դեռահաս տարիքում դեմքին վարդագույն բիծ է նկատել: Այն քսուքներով եւ կրեմներով բուժելու փորձերն ապարդյուն էին, եւ նա շուտով որոշել է դրան ուղղակի ուշադրություն չդարձնել:
Շատ տարիներ անց նա տեղեկացել է, որ այդ ամբողջ ժամանակահատվածում՝ 12 տարեկանից, իր դեմքին քաղցկեղային ուռուցք է զարգացել:
Մի օր կինը բժշկին է դիմել հաճախակիացած միգրենի գանգատներով: Նրան զննած բժիշկը ուշադրություն է դարձրել քթի բծի վրա եւ նրան խորհուրդ է տվել ուռուցքաբանի մոտ հետազոտվել:
Մասնագետը չէր սխալվել: Այն, ինչը Սինդին համարում էր «անմեղ բիծ», քթի մեջ եղած ուռուցքի մակերեւութային շերտն էր: Արդյունքում ստիպված էին հեռացնել կնոջ ռունգի մի մասը: Մասնագետները նշել են, որ եթե պացիենտն ավելի ուշ դիմեր, ուռուցքը կարող էր մինչեւ աչքը հասնել:
Մասնագետների կարծիքով՝ ուռուցքն ավելի շուտ առաջացել է արեւի ազդեցությամբ: Պատանեկության տարիներին Սինդին վաստակել է լողափի բարում աշխատելով եւ մշտապես արեւի տակ է գտնվել: Այդ ժամանակ արեւապաշտպան միջոցների կարեւորության մասին տեղեկություններ գրեթե չկային:
Քթի ձեւը վերականգնելու համար, որը սաստիկ տուժել էր վիրահատության հետեւանքով, բժիշկները պատվաստել են կնոջ ճակատի մաշկից: Արդյունքում նրա դեմքին ոչ մեծ սպիներ են մնացել, իսկ քթի ձեւն անմիջապես ուշադրություն է գրավում:
Սինդին որոշել է իր պատմության մասին պատմել, որպեսզի մարդկանց զգուշացնի արեւի տակ երկար գտնվելու վտանգավորության մասին:






