Հունիսի 7-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կայացավ կրծքագեղձի հեռացմանը եւ լիովին վերականգմանը նվիրված գիտաժողով։
Տեղի բժիշկների՝ հայտնի ուռուցքաբան Արթուր Սահակյանի, պլաստիկ վիրաբույժներ Արտավազդ Սահակյանի, Արմեն Հովհաննիսյանի, բժիշկ-ճառագայթաբան Անի Հակոբյանի հետ մեկտեղ ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ Արթուր Սալիբյանը հանդես եկավ զեկույցով՝ հակիրճ պատմելով մաստէկտոմիայի եւ միաժամանակ կրծքագեղձի քաղցկեղի մասին։ Իր զեկույցը պրոֆեսորը ավելի հստակեցրեց բարեգործական ցուցադրական վիրահատությամբ, որը նա կատարեց գիտաժողովից հետո։
Ըստ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանի՝ իրենք առաջին անգամ են նման գիտաժողով կազմակերպում։ Արթուր Սալիբյանը, նույնիսկ իր նախկին այցելությունների ժամանակ, Հայաստանում արդեն երկու նմանատիպ վիրահատություն է կատարել։ Սակայն այսօրվա վիրահատությունը դարձավ ցուցադրական։ «Քանի որ մեր կենտրոնը միշտ փորձում է աջակցել բժշկության բնագավառում տեղի ունեցող նորարություններին, մենք որոշել ենք հրավիրել մեր բժիշկներին այս գիտաժողովին՝ որպեսզի վիրահատությունը կատարած բժիշկը ինքը լուսաբանի եւ մեկնաբանի իր աշխատանքը։ Հուսով ենք, որ մեզ հետ համագործակցող հայ մասնագետները շուտով նույնպես կսկսեն կիրառել այս մեթոդիկան»,-ասել է Խաչանուշ Հակոբյանը NEWS.am Medicine-ի թղթակցին։






