Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կողմից կազմակերպված գիտաժողովի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած հայտնի պլաստիկ վիրաբույժ Արթուր Սալիբյանը անցկացրել է կրծքագեղձի հեռացման եւ միաժամանակյա վերականգման ցուցադրական վիրահատություն։
Վիրահատությունը ցուցված է կրծքագեղձի՝ պտուկի մոտ վաղ շրջանի քաղցկեղ ունեցող հիվանդների։ Միայն այդ դեպքում կարելի է հեռացնել կրծքագեղձի ամբողջ զանգվածը՝ պահպանելով դրա մաշկի ծածկույթը՝ իմպլանտ տեղադրելու համար։ Արտասահմանում նման վիրահատությունները արդեն մի քանի տարի է ինչ կատարվում են։ Իսկ Հայաստանի համար սա նորություն է։
NEWS.am Medicine- ի թղթակցի հետ զրուցելիս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը պատմեց, որ Արթուր Սալիբյանը ԱՄՆ-ում անցկացրել է բարեգործական ակցիա եւ ստացված հասույթով գնել իմպլանտներ, որոնք պետք է տեղադրվեն հայ հիվանդներին։ Մինչեւ դոկտոր Սալիբյանի ԱՄՆ մեկնելը կատարվելու է եւս չորս բարեգործական վիրահատություն։
Վիրահատությունը կատարվում է երկու փուլով։ Երեք ամիս անց վիրահատության երկրորդ փուլը կանցկացնեն Արթուր Սալիբայնի տեղի աշակերտները (Սալիբյանը Հայաստանում հավաքել է բժիշկների մի խումբ, ում հետ նա կիսվել է իր փորձով)։
Այն հարցին, թե ինչքանով են հայ հայտնի բժիշկները հետաքրքրված այս վիրահատությամբ, Խաչանուշ Հակոբյանն ասաց. «Գիտաժողովը ցույց տվեց, որ նրանց հետաքրքվածությունը բավականին մեծ է։ Մնում է հուսալ, որ նրանք սկսեն կիրառել վիրահատությունների նման տեխնիկան։ Չեմ կարծում, որ արդեն կայացած բժիշկների համար սա շատ մեծ նորություն է»։ Եւ ավելացրեց. «պարտադիր չէ, որ բժիշկը հայտնի կամ անվանի լինի։ Նա կարող է սկսնակ, բայց շատ լավ մասնագետ լինել»։






