Երկամյա Քորա Ռուբենը հսկայական ձեռքեր ունի հազվադեպ հիվանդության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ն, աղջիկը լիմֆեդեմա ունի՝ փափուկ հյուսվածքների այտուց, որն աճելու միտում ունի։ Պատճառը լիմֆատիկ անոթներով հեղուկի հոսքի խախտումն է։

Քորայի փորի շրջանում, ձեռքերում եւ ոտքերում հեղուկի կուտակում կա։ Նրա մայրը նշում է, որ հղիությունն ընթացել է նորմալ, բայց աղջկա ծնվելուց անմիջապես հետո բժիշկները տագնապ են հնչեցրել։ Չնայած բժիշկների ջանքերին՝ Քորայի դաստակները շարունակում էին մեծանալ չափերով։

Փոքրիկի ծնողները գտան գերմանացի պրոֆեսոր Էթելկա Ֆյոլդիին (Etelka Földi), որը պարզեց, որ ուռուցքի միայն 20 տոկոսն է լիմֆատիկ հեղուկ, մնացածը ճարպ է, որը դանդաղեցնում է բուժման արդյունավետությունը։

Ճարպի կուտակման պատճառը հայտնի չէ. պրոֆեսորի կարծիքով՝ այդ պրոցեսը կապված չէ լիմֆեդեմայի հետ։ Լիպոսակցիայից հետո Քորայի առողջական վիճակը զգալիորեն լավացել է։ Բայց աղջկան բազմաթիվ միջոցառումներ են պետք, որոնց թվում՝ մերսում եւ կոմպրեսիոն վիրակապերի տեղադրում։

«Ես գրեթե համոզված եմ, որ Քորան կարող է նորմալ կյանք վարել։ Երբեւէ նա երջանիկ մարդ կդառնա»,- նշում է պրոֆեսորը։