Լոնդոնի գերագույն դատարանը որոշել է, որ բժիշկները պետք է բուժեն 13-ամսական հիվանդ աղջկան՝ ընդդեմ հավատացյալ ծնողների կամքի, որոնք համոզված են, որ նրան հնարավոր է բուժել աղոթքներով:

Աղջկա երիկամները դադարել են գործել նրա լույս աշխարհ գալուց հետո. աղջկա անունը չի հրապարակվում: Այսպիսի ախտորոշմամբ երեխաները սովորաբար գրեթե երբեք ողջ չեն մնում, բայց այս աղջկա բախտը բերել է:

Մանչեսթերի Թագավորական մանկական հիվանդանոցի մասնագետների կարծիքով՝ աղջկան կարող է փրկել հեմոդիալիզը՝ տոքսիններից արյան արտաերիկամային մաքրումը:

Սակայն աղջկա ծնողները կտրականապես հրաժարվում էին հեմոդիալիզից՝ համոզված, որ նրան կհաջողվի բուժել աղոթքներով: Ծնողների խոսքով՝ «երեխայի ճակատագիրը պետք է Տիրոջ ձեռքերում լինի»:

Դատավարության ժամանակ աղջկա մայրը հայտարարել է, որ համաձայն չէ դատավորի որոշմանը. «Նա մահվան դեմ պայքարել է ծնվելու պահից սկսած: Նա արդեն բավականաչափ տանջվել է»:

Ի պատասխան՝ դատավորը հայտարարել է, որ զույգի տեսակետը հարգում է. «Նրանց հավատը խորն է ու հիմնավոր: Նրանք հավատում են միայն աղոթքի ուժին»:

Արդյունքում ընտանիքի գործերով բաժանմունքից դատավոր Էնթոնի Հեյդենը պաշտոնապես բժիշկներին թույլատրել էր փետրվարի 27-ին միջամտություն անցկացնել: Նա հայտարարել էր, որ բուժումը «համապատասխանում է երեխայի շահերին, որն իրեն մարտիկի պես է պահել եւ վաստակել ապրելու հնարավորությունը»: