Ի՞նչ վտանգներ են թաքնվում լաբորատորիաներում: Ի՞նչ հիվանդություններ է հնարավոր ձեռք բերել անալիզներ հանձնելիս: Այս ամենի մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց վարակաբան Մհեր Դավիդյանցը:
Նրա խոսքով՝ եթե լաբորատորիայում խստորեն չեն պահպանվում հիգիենայի եւ ախտահանման բոլոր կանոնները, արյուն հանձնելու համ ցանկացած այլ միջամտության համար եկած պացիենտը կարող է մի շարք վարակներ ձեռք բերել:
Ի՞նչ հիվանդություններով է հնարավոր վարակվել լաբորատոր միջամտությունների ժամանակ
Առաջին հերթին, ինչպես նշեց վարակաբանը, շատ մեծ է կեղտոտ գործիքների միջոցով վիրուսային հեպատիտներով, մասնավորապես, հեպատիտ B-ով եւ C-ով վարակվելու հավանականությունը: Նույն ճանապարհով հնարավոր է նաեւ ՄԻԱՎ վարակ ձեռք բերել:
Ինչպե՞ս է տեղի ունենում վարակումը
Բոլոր վերը նշված հիվանդությունները փոխանցվում են արյան միջոցով: Եթե լաբորատորիայում, օրինակ, հեպատիտ B ունեցող մարդուց արյուն են վերցնում ոչ միանգամյա օգտագործման համար նախատեսված գործիքով, ապա այդ գործիքը պատշաճ կերպով չեն ախտահանում, շատ մեծ է հավանականությունը, որ հեպատիտ B-ն կփոխանցվի մեկ այլ հիվանդի, ում կդիպչի այդ գործիքը:
Ինչպես նշեց Մհեր Դավիդյանցը, հեպատիտ B-ի փոխանցվելու հավանականությունն ավելի մեծ է, քանի որ այն շատ կայուն է շրջակա միջավայրում: Ավելին՝ հեպատիտ Բ-ի հարուցիչները կայուն են նաեւ տարբեր ջերմային եւ քիմիական ազդակների նկատմամբ:
Ի՞նչ անել չվարակվելու համար
Բնականաբար, որպեսզի պացիենտը լաբորատոր միջամտությունների ժամանակ ոչնչով չվարակվի, անհրաժեշտ է, որ լաբորատորիաներում բոլոր գործիքները ախտահանվեն կամ էլ օգտագործվեն մեկանգամյա օգտագործման ստերիլ պարագաներ:
«Անթույլատրելի է լաբորատոր պայմաններում կամ ընդհանրապես բժշկական հաստատություններում ցանկացած բժշկական միջամտություն կատարել ոչ պատշաճ ախտազերծված գործիքով, կամ միանվագ օգտագործման համար նախատեսված գործիքները մի քանի անգամ օգտագործել», - ասաց Մհեր Դավիդյանցը:
Պացիենտը, ցավոք, չի կարող իմանալ, թե ինչպես են իր այցելած լաբորատորիայում ախտահանվում գործիքները, այդ պատճառով, գուցե ավելի ապահով կլինի օգտվել այնպիսի լաբորատորիաներից, որտեղ օգտագործվում են միայն եւ միայն մեկանգամյա գործիքներ:
Դիտեք NEWS.am Medicine-ի տեսահոլովակը, որտեղ Մհեր Դավիդյանցը պատմում է լաբորատորիաներում թաքնված վտանգների մասին, իսկ լաբորատորիայի աշխատակցուհին ցույց է տալիս, թե ինչպես պետք է պահպանվեն անվտանգության եւ հիգիենայի կանոնները անալիզ վերցնելիս, եւ որ գործիքները պետք է լինեն մեկանգամյա օգտագործման:





