Հավանաբար ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երեխան դեռ մայրիկի արգանդում պետք է սիրով եւ դրական էմոցիաներով շրջապատված լինի։ Որպեսզի երեխան ներդաշնակ ծնվի, բժիշկները միշտ ապագա մայրիկներին խորհուրդ են տալիս համերգների, ցուցահանդեսների գնալ՝ հոգեւոր սնունդ ստանալու համար։ Բայց պտղի ներդաշնակ զարգացմանը նպաստող գլխավոր «վիտամինը» մնում է դասական երաժշտությունը՝ մասնավորապես Մոցարտի, Բեթհովենի, Վիվալդիի եւ Չայկովսկու երաժշտությունը։ Կա տեսակետ, որ դասականը հանում է տագնապի զգացումը եւ խաղաղություն է հաղորդում ապագա մայրիկին, հետեւաբար նաեւ երեխային։ Գիտնականները նաեւ պարզել են, որ դասական երաժշտություն լսելը բարձրացնում է ապագա երեխայի ինտելեկտի գործոնը՝ IQ-ն։ Որոշ մասնագետներ, ինչքան էլ դա զարմանալի կթվա, ապագա մայրիկներին անգամ խորհուրդ են տվել որովայնին ականջակալներ դնել, որպեսզի երեխան երաժշտությունը ավելի լավ լսի (բայց պետք է հետեւել, որ ձայնը չափից շատ բարձր չլինի)։
Սակայն պետք է խոստովանել, որ ոչ բոլոր կանայք են սիրում դասական երաժշտություն լսել։ Որոշներն ուղղակի այն չեն ընդունում, մյուսներին դասական երաժշտությունը սթրեսի մեջ է գցում այնպես, ինչպես ռաբիսը կամ ծանր ռոքը մեկ ուրիշներին։ Այսպիսով, արժե՞ վնաս հասցնել Ձեր հոգեկան ներաշխարհին, այն էլ այդքան կարեւոր շրջանում։ Բայց չէ որ մայրիկի դյուրագրգռությունը, ով դասական երաժշտության միջոցով փորձում է ստիպված՝ ուժերի ներածի չափով երջանկացնել իրեն եւ երեխային, կարող է հակառակ ազդեցությունը թողնել։ Հենց այս հարցն էլ մենք փորձեցինք պարզել «Էրեբունի» բժշկական կենտրոնի բարձր ռիսկայնությամբ հղի կանանց բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Էդիտա Ղարիբյանից։
Ըստ նրա, երբ կինը զգացմունքային տեսանկյունից հանգիստ եւ հարմարավետ է իրենց զգում, ապա դա իր եւ երեխայի վրա դրական ազդեցություն է ունենում եւ ծննդաբերությունը անցնում է առանց որեւէ խնդիրների։ Այդ պատճառով եթե կինը, ենթադրենք դաստիարակվել եւ լսել է ռաբիս երաժշտություն, ապա իր համար դասականը հենց ռաբիսն է։ Իհարկե, ուրիշ երաժշտություն, որը նրան հարազատ չէ եւ կարող է միայն նյարդայնություն եւ բացասական հույզեր առաջացնել, ավելի լավ է ընդհանրապես չլսել։ Հղիությունը տարիներով հաստատված ճաշակը ստիպողաբար փոխելու ժամանակ չէ։ Կարեւոր չէ, թե ինչ ժանրի երաժշտություն՝ ռոմանտիկ, պարային, ջազ կամ ռոք է մայրիկը լսում։ Թող լսի այն, ինչ իրեն հաճույք է պատճառում։ Թեպետ հղիության ընթացքում ծանր ռոք լսելուց ավելի լավ է հրաժարվել։
Եթե ռաբիսից զատ, ապագա մայրիկին մեկ այլ երաժշտության ժանր նույնպես դուր է գալիս, ապա նախընտրելի է լսել երկրորդ տարբերակը։Դասական երաժշտությունից զատ, հղիներին նաեւ օգտակար է այլ երաժշտություն՝ գործիքավորումներ, բնության հնչյուններ (տերեւների խշխշոց, անձրեւի ձայն, թռչունների դայլայլ, դելֆինների ձայն, ծովային ալիքների աղմուկ), ժամանակակից մեղեդիներ, ազգային եւ եկեղեցական երաժշտություն։ Նյարդերը թուլացնելու համար կարելի է լսել ստեղծագործություններ այս գործիքներով՝ զանգակ, գոնգ, երգող բաժակներ կամ սրինգ։
Ապագա երեխայի համար շատ օգտակար է այն երաժշտությունը, որը մայրիկը ինքը կկատարի։ Իհարկե, առաջին հերթին խոսքը վերաբերում է նվագելուն կամ երգելուն։ Ապագա մայրիկի համար նվագելը ինքնադրսեւորման հրաշալի միջոց կլինի, քանի որ հենց այդ շրջանում արվեստի հանդեպ պահանջը ավելի մեծանում է։ Երաժշտական լսողության առկայությունը եւ վոկալ տվյալներն այս դեպքում կարեւոր չեն։
Յանա Ավչիյան






