Հայաստանում 10 տարվա ընթացքում սքրինինգային հետազոտությունների արդյունքում ի հայտ է բերվել լսողության բնածին խնդիրներ ունեցող 199 երեխա։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։
Հայաստանում նորածին երեխաների լսողության սքրինինգը կատարվում է 2008 թվականից։ Սկզբում հետազոտություններն իրականացվում էին միայն 2 բուժկենտրոնում՝ «Արաբկիրում» եւ «Էրեբունիում»։ Այսօր արդեն նորածինների լսողությունն ստուգում են երկրի 55 ծննդատներից 34-ում։ Հետազոտություններն ընդգրկում են բոլոր նորածինների մոտ 68 տոկոսը։
Ինչպես նշեց Կարինե Սարիբեկյանը, 10 տարում Հայաստանում անցկացվել է լսողության 155 հազար սքրինինգային հետազոտություն, ի հայտ է բերվել լսողության խախտմամբ 199 երեխա։ Նրանք բոլորն էլ ստացել են լսողական սարքեր, իսկ ոմանք, ովքեր լսելու շանս ունեին, կոխլեար փոխպատվաստման վիրահատություն են անցել։
Մասնագետի խոսքով՝ նման քրինինգային հետազոտությունները շատ կարեւոր են, չէ՞ որ դրանք հնարավորություն են տալիս որքան հնարավոր է վաղ հայտնաբերել երեխայի լսողական խնդիրը։ Լսողական սարքեր կամ կոխլեար իմպլանտներ ստանալով՝ այդպիսի երեխաները զարգանում են բոլոր երեխաների պես՝ սովորում են խոսել, գնում են դպրոց եւ գրեթե չեն տարբերվում իրենց հասակակիցներից։
Իսկ եթե երեխայի տկար լսողությունը կամ խլությունը չհայտնաբերվի, նա չի սովորի խոսել եւ հետագա ողջ կյանքում ադապտացվելու դժվարություններ կունենա։






