Առաջիկայում Հայաստանը Արցախին կտրամադրի շտապ օգնության նոր և արդիականացված 10 մեքենաներ: Կլինեն նաև աջակցության այլ ծրագրեր: Այս հարցը քննարկվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանդիպման ժամանակ:
Պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության և Արցախի գործընկեր կառույցի հետ փոխգործակցության առկա մակարդակը՝ կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետևողական շարունակականությունը: Այս համատեքստում Գ․ Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման, ինչպես նաև ընթացիկ տարվանից բժշկական ապահովագրության փորձնական կիրառման ծրագրերը։
«Հատկապես բժշկական ապահովագրությունը համարում ենք առաջնային և պահանջված: Կարծում ենք՝ այն պետք է դառնա սոցիալական ինստիտուտ, քանի որ կառավարության վարած քաղաքականության տրամաբանության ծիրում մենք առողջապահական հարցերը դիտարկում ենք այդ շրջանակում», - ասել է Գ. Մարտիրոսյանը:
ՀՀ առողջապահության նախարարը ևս գոհունակություն է հայտնել Արցախի առողջապահության համակարգի հետ համագործակցության դինամիկայից՝ նշելով, որ ՀՀ-ում իրականացվող զարգացման բոլոր ծրագրերում միշտ հաշվի են առնվում Արցախի խնդիրները:
«Առաջիկայում Արցախի մեր գործընկերներին կտրամադրենք շտապ օգնության նոր և արդիականացված տասը մեքենաներ: Կլինեն նաև աջակցության այլ ծրագրեր: Ինչ վերաբերում է ապահովագրության համակարգի ներդրմանը, ապա մենք ևս կարևորում ենք դրա՝ սոցիալական ուղղվածություն ունենալու առաջնահերթությունը, և կարծում ենք, որ այն չպետք է դառնա սոսկ ֆինանսական շուկայի զարգացման առաջնահերթ գործիք: Համոզված եմ՝ այս հարցում ՀՀ կառավարության՝ առաջիկայում ընդունելիք որոշումը կլինի այդ տրամաբանության մեջ, և մեր համագործակցությունը նաև այս բնագավառում կարևոր հեռանկար կունենա», - ասել է Ա. Թորոսյանը:
Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել գերատեսչությունների միջև կապերի խորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, մասնագետների վերապատրաստման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։






