46-ամյա Ռայան Նուլթին կարծում էր, թե սովորական գրիպով է հիվանդացել։ Բայց պարզվեց, որ նա սեպսիս ունի, որը զրկեց նրան երկու ոտքից։ Տղամարդը հազիվ փրկվեց մահից։

Անգլիական Հորշեմ քաղաքում (Արեւմտյան Սուսեքսի կոմսություն) փոստատար աշխատող Ռայանը 2018 թվականի հոկտեմբերի 12-ին իրեն հիանալի էր զգում, իսկ հաջորդ օրն առավոտյան դող զգաց, եւ մարմինն էլ կոտրատվում էր, բայց միեւնույն է՝ գնաց նամակները բաժանելու։ Թուլության պատճառով փոստատարը կարողացավ հաղթահարել միայն 13 կիլոմետրանոց երթուղու կեսը, ինչից հետո վերադարձավ տուն։

Բժշկի գնալ նա չէր ցանկանում, բայց ինքնազգացողությունը շարունակում էր վատանալ։ Հաջորդ օրը նրա դեմքին ցան առաջացավ, իսկ ոտքերն սկսեցին սեւանալ։ Գիտակցությունը կորցնող Նուլթիին հասցրին հիվանդանոց, որտեղ նրա մոտ սեպսիս հայտնաբերեցին, որն առաջ էր եկել մենինգիտից։

Ռայանն ութ օր արհեստական կոմայի մեջ անցկացրեց, իսկ հետո 3 օր 6-ական ժամ հեմոդիալիզի էր ենթարկվում։ Վերջույթների անբավարար արյան մատակարարման պատճառով նրա ոտքերում փտախտ առաջացավ, որի պատճառով նրա երկու ոտքերն անդամահատեցին։

Անդամահատումից հետո Ռայանը չի կարող նամակներ բաժանել, բայց հույս ունի, որ փոստատանն իր համար այլ աշխատանք կգտնվի։

«Մի ակնթարթում կյանքս գլխիվայր շրջվեց։ Բայց ես դառնություն կամ իմ հանդեպ խղճահարություն չեմ զգում,- ասել է Ռայանը։- Այս ամենը կարող էր իսկական աղետի վերածվել, բայց ես, բարեբախտաբար, սիրող ընտանիք ունեմ, որն աջակցեց ինձ հիվանդության ժամանակ»։