Չնայած ամուսնական տարիներին, 30-ամյա Ռեւատի Բորդավեկարը երբեք սեքսով չի զբաղվել: The Daily Mail-ը հայտնում է, որ կնոջ մոտ վագինիզմ էին ախտորոշել՝ վիճակ, երբ ցայլքա-պոչուկային մկաններն ակամա կրճատվում են: Դա հեշտոցային ցանկացած թափանցում, այդ թվում՝ սեռական, բավականին ցավոտ կամ անհնարին է դարձնում:

Նրա ամուսինը՝ Չինմայը, կնոջ ախտորոշման մասին տեղեկացել է միայն ամուսնական առաջին գիշերը: Ցնցված տղամարդը խոստացել է ինտիմ հարաբերություններից հրաժարվել, մինչեւ Ռեւատին կկարողանա վագինիզմից բուժվել: Սակայն չնայած բժիշկների խորհուրդներին (շարունակական գուրգուրանք հոգեբանական անհարմարավետությունը հաղթահարելու համար, հատուկ կրեմների օգտագործում եւ այլն), ամուսնության գրեթե 5 տարվա ընթացքում կինն այդպես էլ չի կարողացել ամուսնու հետ սեքսով զբաղվել:

Հուսահատված զույգը որոշել է երեխա բեղմնավորել ԱՄԲ-ի միջոցով: Այսպիսով Ռեւատին հղիացել է՝ կույս լինելով: Կինը որոշել է երեխային ունենալ բնական ճանապարհով՝ հրաժարվելով կեսարյան հատումից: Ռեւատիի խոստովանությամբ՝ այս որոշմանը հեշտ չի հանգել, հաշվի առնելով այն, որ բժիշկներն այդպես էլ չէին կարողացել վագինիզմը բուժել: Հղիության ժամանակ նա հաճախել է ծննդաբերության նախապատրաստման հատուկ դասընթացների:

«Ես ցանկանում էի ցույց տալ, որ վագինիզմ ախտորոշմամբ հնարավոր է երեխային ծննդաբերել բնական ճանապարհով: Ծննդաբերության ժամանակ ես շարունակ մտածում էի վագինիզմի դեմ իմ պայքարի մասին, որը սկսվել է դեռահաս տարիքից, եւ աշխատում էի առավելագույնս թուլանալ»,- պատմել է նա:

Ռեւատին եւ Չինմայը աղջիկ են ունեցել, ում Եվա են անվանակոչել:

Source: The Daily Mail

Photos: MDWfeatures/Revati Bordawekar