Շաքարի հարկը հայտնի միջոց է շաքարի օգտագործումը նվազեցնելու համար, որը կիրառվում է աշխարհի շատ երկրներում։ Նպատակը ոչ միայն բնակչության առողջական վիճակի լավացումն է, այլեւ բյուջեն լցնելը։ Այսպիսի կարծիք է արտահայտել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնագետների հետ Հայաստանում հանրային առողջապահության մարտահրավերները քննարկելիս։

Նրա խոսքով՝ որոշ երկրներում շաքարի հարկից հավաքված գումարի մի մասն ուղղվում է առողջապահության համակարգի զարգացմանը եւ շաքարի չարաշահման հետ կապված հիվանդությունների, օրինակ՝ շաքարային դիաբետի դեմ պայքարի ծրագրերին։

«Ոմանք հարցնում են՝ «ինչո՞ւ եք սահմանափակում շաքար ուտելու մեր իրավունքը»։ Մենք ոչ մեկի իրավունքները չենք սահմանափակում, բայց պարտավոր ենք հոգալ բնակչության առողջության մասին եւ պահպանել այն։ Եվ մարդկանց առողջությունը պահպանելու մեթոդներից մեկը առողջության համար վնասակար մթերքների եւ նյութերի օգտագործման պակասեցումն է»,- նշել է Արսեն Թորոսյանը։- «Մենք առողջապահության նախարարություն ենք, ոչ թե հիվանդությունների, եւ մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի մարդիկ առողջ մնան»։

Ճիշտ նույն կերպ, ըստ նրա, հանուն բնակչության առողջության պահպանման  քայլեր են ձեռնարկում, որպեսզի մարդիկ ավելի քիչ ծխեն. դրա համար կիրառվում են աշխարհի շատ երկրներում ընդունված տարբեր մեթոդներ եւ մոտեցումներ։

Նախարարի խոսքով՝ քննարկվող օրինագիծն առաջարկում է մտցնել ըմպելիքների հարկ, որոնց 100 գրամի մեջ պարունակվում է ավելի քան 5 գրամ շաքար։ Այնուամենայնիվ, այդ նախագծում, նրա խոսքով, մտցվել են փոփոխություններ, եւ հիմա այն չի արտացոլում հեղինակների բոլոր մոտեցումները խնդրի վերաբերյալ։