Սեզոնային ալերգիան կարող է առաջացնել քոր եւ արցունքահոսություն, հազ, փռշտոց, հարբուխ եւ կոկորդի ցավ։ Բայց մանուկ հասակում երեխաներին ալերգիաներին եւ մանրէներին ընտելացնելը կարող է բարձրացնել իմունիտետը եւ չափահաս տարիքում պաշտպանել օրգանիզմը վնասակար ալերգիաներից, ցույց է տվել Allergy and Clinical Immunology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը, հայտնում է Medical Daily-ն։
Ալերգիայի սկզբնական ազդեցության ժամկետը կարող է մեծ նշանակություն ունենալ, քանի որ երեք տարեկանից ցածր երեխաների 50%-ը տառապում է շնչառական հիվանդություններով, ինչը ամբուլատոր այցելությունների եւ հոսպիտալացումների հիմնական պատճառն է։ Դրա համար շատ կարեւոր է գնահատել ռիսկի գործոնները, որոնք նպաստում են ալերգիկ եւ շնչառական զգայունության զարգացումներին՝ բուժման նոր մեթոդներ մշակելու համար։ Ջոնս Հոփկինսի հիվանդանոցի մանկական կենտրոնի ալերգիայի եւ իմունոլոգիայի բաժանմունքի ղեկավար դոկտոր Ռոբերտ Վուդը եւ իր գործընկերները ասել են, որ ժամանակակից հասարակության մաքրության մոլուցքը խանգարում է իրենց շփվել մանրէների հետ, որը կարող էր նպաստել իմունային համակարգի բնականոն աշխատանքին։
Քաղաքային միջավայրում հիվանդությունների տարածվածության հետ կապված ընդհանուր բնապահպանական գործոնները հետազոտելու համար Ջոնս Հոփկինսի հիվանդանոցի մանկական կենտրոնի եւ այլ հաստատությունների գիտնականները երեք տարի ուսումնասիրել են Բալթիմորում, Բոսթոնում, Նյու Յորքում եւ Սենտ Լուիսում ապրող, ասթմայի առաջացման բարձր հավանականություն ունեցող 450 երեխաների շրջանում անցկացված Urban Environment and Childhood Asthma հետազոտության տվյալները։
Բոլոր մասնակիցները բնակվել են մի վայրում, որտեղ բնակիչների 20 տոկոսն ապրում է բավականին հարմարավետ պայմաններում, եւ նրանց բոլորի կամ հայրիկի կամ մայրիկի մոտ եղել է ռինիտ, էկզեմա կամ ասթմա։ Ամեն տարի չափվել են ալերգենահատուկ իմունոգլոբուլինները կաթի, ձվի, ընկույզի եւ խավարասերների հանդեպ, իսկ երկու եւ երեք տարի անց՝ փոշեհատիկների, շների, կատուների, մկների եւ տարբեր սնկային ալերգիաների հանդեպ։
Արդյունքները ցույց են տվել, որ կյանքի առաջին տարում մկների, կատվի մազի եւ խավարասերների միջավայրում մեծացած երեխաները 3 տարեկանից հետո ավելի քիչ են հիվանդանում ալերգիայի տարածված հիվանդություններով, քան ալերգիաների ազդեցությանը չընտելացած եւ չենթարկված երեխաները։
Հետազոտողները ապշել են, որ իրենց կյանքի առաջին օրերից կեղտի, մազերի ու թեփի, մանրէների հետ շփված երեխաները չեն տառապում ասթմայիով եւ ալերգիաներով. ընդհակառակը, սա անգամ նրանց համար օգտակար է։ «Այս ամենը մեզ հուշում է, որ մեր իմունային շատ պատասխաններ ձեւավորվում են հենց մեր կյանքի առաջին իսկ օրերին, իսկ որոշ մանրէներ եւ ալրեգեններ անգամ կարեւոր դեր են խաղում մեր իմունային համակարգը խթանելու եւ մարզելու գործում»,-ասել է Վուդը։






