2018 թվականին Առողջության հայ-ամերիկյան կենտրոնում անցկացվել է կրծքագեղձի մամոգրաֆիական եւ սոնոգրաֆիական 25 հազար հետազոտություն եւ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղի 1575 դեպք: 1139 դեպքում քաղցկեղը դեռեւս վաղ փուլում էր, ինչը նշանակում է, որ պացինետներն ունեն հաջողությամբ առողջանալու անչափ լավ հնարավորություններ: Այս մասին լրագրողներին ասաց Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

2019 թվականին Կենտրոնում անցկացվել է կրծքագեղձի արդեն 3552 հետազոտություն, եւ հայտնաբերվել է քաղցկեղի 149 դեպք, որից 81-ը՝ վաղ փուլերում: Ավելին՝ ընթացիկ տարում կրծքագեղձի 3 դեպք է հայտնաբերվել տղամարդկանց մոտ, անցյալ տարի եղել էր նման 12 դեպք:

Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղը բուժման լավ է ենթարկվում, եթե ժամանակին է հայտնաբերվում. դեպքերի մեծ մասում կատարվում է բավականին փոքր վիրահատություն, որի ժամանակ հեռացնում են ոչ մեծ ուռուցքը, եւ կինը վերադառնում է իր սովորական կյանքին: Հաճախ քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի կարիք չի լինում, եթե հիվանդությունն իսկապես վաղ է հայտնաբերվել, իսկ կրծքի արտաքին տեսքը վիրահատությունից հետո չի տուժում՝ մնում է միայն փոքր սպի, որը ժամանակի ընթացքում փաստացի աննկատելի է դառնում:

Բայց որպեսզի կրծքագեղձի քաղցկեղը վաղ հայտնաբերվի, անհրաժեշտ է ամեն տարի ստուգվել, նույնիսկ եթե ոչ մի ախտանշան չկա. եթե ախտանշաններ են հայտնվում, կինը կրծքում նորագոյացություն է շոշափում, ապա արդեն նշանակում է, որ հիվանդությունը հասցրել է բավականին զարգանալ:

Չարժի հետազոտվելուց վախենալ, շեշտեց Խաչանուշ Հակոբյանը, քանի որ եթե հիվանդության սկզբնական փուլը բաց թողնեք, եթե հիվանդությունը ուշ հայտնաբերեն, հետո խնդիրներն ավելի շատ կլինեն. բուժումն ավելի երկարատեւ, ծանր եւ թանկ կլինի:

Խաչանուշ Հակոբյանը նաեւ նշեց, որ մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը Կենտրոնում գործում են մի ամբողջ շարք հետազոտությունների զեղչեր, այդ թվում՝ մամոգրաֆիայի եւ սոնոգրաֆիայի համար: