Ներկայումս Հայաստանում կարմրուկի բռնկման վտանգ չկա:  Մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱՆ-ի Իմունոպրոֆիլակտիկայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Փորձագետը տեղեկացրեց, որ վերջին անգամ կարմրուկի բռնկումը Հայաստանում արձանագրվել էր 2004-2005 թվականներին: Մոտ 10 տարի շարունակ հանրապետությունում գրանցվում են տվյալ հիվանդության բացառապես դրսից բերված դեպքերը: Այս տարի գրանցվել է երկու բերովի դեպք. առաջին դեպքում հիվանդությունը հայտնաբերվել է Ուկրաինայի քաղաքացու մոտ, երկրորդ դեպքում՝  Վրաստանի քաղաքացու: Առաջինը ստացիոնար բուժում ստանալուց հետո արդեն վերադարձել է հայրենիք, իսկ երկրորդը՝ տանն է բուժվում:

«Վրաստանի քաղաքացու մոտ կարմրուկը այն փուլում էր, երբ պացիենտն արդեն վարակիչ չէ շրջապատի համար»,- ասաց Սահակյանը:

Փորձագետն ընդգծեց, որ այն մարդիկ, որոնք շփվել են հիվանդների հետ, պատվաստում են անցել եւ գտնվում են բժիշկների վերահսկողության տակ՝ հաշվի առնելով տվյալ հիվանդության ինկուբացիոն շրջանը (մինչեւ 21 օր):

Սահակյանը չբացառեց, որ հիվանդ անձանց հետ շփված մարդկանց շրջանում կարմրուկի մեկ-երկու դեպք կհայտնաբերվի:

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Սկզբնական փուլում կարմրուկի նախանշանները նման են գրիպի ախտանիշներին. ջերմություն, մրսածություն, փռշտոց, ձայնի խռպոտություն, գլխացավ: Այդ կապակցությամբ շատ հիվանդներ սկզբում չեն դիմում բժշկի, մինչեւ որ մարմնի վրա ցան չի առաջանում:

Կարմրուկի դեպքում հնարավոր են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են լարինգիտ, օտիտ, պնեւմոնիա: Բավականին հազվադեպ հանդիպում է դեռահասային սկլերոզացվող պանէնցեֆալիտ:

Սահակյանի խոսքով՝ սովորաբար կարմրուկի դրսից բերված դեպքերը գրանցվում են ապրիլից մինչեև օգոստոս ժամանակահատվածում: Անցյալ տարի 3 նման դեպք էր գրանցվել, ընդ որում բոոլորը ՌԴ քաղաքացիների շրջանում: