Հասարակական փակ վայրերում ծխելն արգելող նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծխողները դրսում ծխելու այլընտրանք կունենան, սակայն նարգիլեի սիրահարները նման հնարավորություն չեն ունենա: Նման կարծիքի է Նարգիլեի սիրահարների միությունից Գոռ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ բաց տարածքում նարգիլեի սիրահարների համար ակումբներ կազմակերպելն այնքան էլ հեշտ չէ. նարգիլե պատրաստելու համար անհրաժեշտ է 20 րոպե եւ տարածք, որտեղ կարելի է դա անել:
Գոռ Գասպարյանը նշեց, որ եթե արգելեն նարգիլե ծխել, շատ ակումբներ ստիպված կլինեն փակվել եւ մոտ 700 մարդ առանց աշխատանքի կարող է մնալ. նրանց մի մասը մասնագիտանում է հենց նարգիլեի պատրաստման ուղղությամբ եւ դժվար թե կարողանան այլ ոլորտում աշխատանք գտնել:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին նշել էր, որ նոր օրինագծի հեղինակները պատրաստ են նոր տարբերակներ քննարկել, որոնք կօգնեն փրկել բիզնեսը լուրջ հարվածներից. որպես տարբերակ կարելի է մի փոքր հետաձգել օրենքի ուժի մեջ մտնելն այն ընդունելուց հետո, որպեսզի նարգիլեի ակումբների սեփականատերերը բավականաչափ ժամանակ ունենան իրենց հաստատությունների ուղղվածությկունը փոխելու համար:
Ըստ նախարարի՝ ոչ ոք չի ցանկանում վնասել բիզնեսին, սակայն բիզնես շահերը չպետք է քաղաքացիների առողջությունից վեր դասվեն:
Նարգիլեի սիրահարների համար ակումբների մասին խոսելիս նախարարը նշեց, որ չարժե մոռանալ նաեւ մարդկանց իրավունքների մասին, որոնք այնտեղ աշխատում են եւ ենթարկվում ծխի ազդեցությանը, որը նրանց առողջությունը վնասում է: Այցելուն մտնում է հաստատություն եւ ծխում, իսկ որոշ ժամանակ անց դուրս է գալիս, բայց աշխատակիցները ստիպված են ամբողջ օրը ծուխ շնչել:
Քննարկվող օրինագծի, ինչպես եւ պետության նպատակն է մարդու, քաղաքացու առողջության պահպանումը՝ անկախ հանգամանքից ուզում է մարդը, որ իր իրավունքները պաշտպանեն, շեշտեց նախարարը:
Անդրադառնալով նարգիլեի հետ կապված առողջության համար վտանգներին՝ Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ այն ծխելու սարքերը մեծ թվով ռեզերվուարներ ունի, որոնք ամենեւին էլ ոչ միշտ է հաջողվում ինչպես հարկն է մաքրել. եթե դրանց մեջ մնան հիվանդությունների հարուցիչներ, օրինակ՝ տուբերկուլյոզի, հաջորդ ծխողի վարակվելու հավանականություն կա:
Դրանից բացի, նախարարի խոսքով՝ ճիշտ է ասել, որ նարգիլեն ծխախոտ չի, եթե խոսքը արտադրանքի արտաքին տեսքի մասին է, սակայն չի կարելի ասել, որ այն ծխախոտից ավելի անվտանգ է, քանի որ դա ամենեւին էլ այդպես չէ:






