Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը կարող է վերածվել պուլմոնոլոգիայի կենտրոնի, որտեղ բուժում են ոչ միայն տուբերկուլյոզը, այլ նաեւ թոքերի ուրիշ հիվանդություններ։ Այս մասին Մարդու իրավունքների եւ հասարակական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքերով, տուբերկուլյոզով պացիենտները Հայաստանում ավելի ու ավելի են քչանում, եւ երկիրը ձգտում է այդ հիվանդությունն արմատախիլ անել։ Սակայն եղած ռեսուրսները անհրաժեշտ կլինի ինչ-որ կերպ օգտագործել, այդ պատճառով կա տուբերկուլյոզի դեմ պայքարի պրոֆիլը փոխելու գաղափար, քանի որ այնտեղ կան սարքավորումներ եւ փորձառու մասնագետներ, ովքեր կարող են զբաղվել նաեւ այլ հիվանդությունների բուժմամբ։
Տուբերկուլյոզի ոլորտի ֆինանսավորումը, նախարարի խոսքերով, կրճատել դեռեւս չեն պատրաստվում․ երկիրը տարեկան այդ հիվանդության վրա մոտ 1 մլրդ դրամ է ծախսում, եւ դրանք շատ արդյունավետ ծախսեր են, քանի որ տուբերկուլյոզը հասարակական նշանակություն ունեցող հիվանդություն է։
Պատասխանելով այն հարցին, թե վտանգի չե՞ն ենթարկվի արդյոք այլ հիվանդություններով մարդիկ՝ գտնվելով տուբերկուլյոզով պացիենտների հետ նույն շենքում, նախարարը նշեց, որ տուբերկուլյոզի վարակիչ տեսակով պացիենտները մեկուսացվում են եւ ստացիոնար բուժում են ստանում, քանի դեռ չեն դադարել վարակիչ լինել։ Այդ իմաստով տուբերկուլյոզով վարակվելու վտանգը մասնագիտացված կենտրոնում ավելի քիչ է, քան ցանկացած այլ մարդաշատ վայրում, որտեղ ոչ ոք ապահովագրված չէ այն բանից, որ կողքին կարող է դեռեւս չախտորոշված վարակիչ տեսակի տուբերկուլյոզով մարդ հայտնվել։






