Երբեմն մանրուքները եւ ֆիզիկապես եւ հոգեպես կարող են հյուծել մարդուն՝ խաթարելով նրա առօրյա կյանքը։ Fox News հեռուստաալիքով փորձագետները բացահայտել են այն սովորությունները, որոնք հոգնեցնում են մարդուն. բացի այդ, նրանք տվել են մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի է վերականգնել հոգու աշխուժությունը։
Դուք չեք մարզվում
Եթե Դուք չեք մարզվում՝ կարծելով, որ այդպես էներգիա եք խնայում, ապա դա ուղղված է հենց Ձեր դեմ։
Ջորջիայի համալսարանի հետազոտողները հաստատել են, որ նստակյաց կյանք վարող, չափահաս առողջ մարդիկ, ովքեր սկսել են շաբաթական երեք անգամ 20 րոպե մարզվել, վեց շաբաթ անց ավելի քիչ հոգնած եւ ավելի շատ էներգիայով լի են եղել։ Մարզվելը տոկունություն ու ուժ է հաղորդում եւ նպաստում սիրտ-անոթային համակարգի բնականոն գործունեությանը։
Բավարար չափով ջուր չեք խմում
Անգամ ամենամեղմ ջրազրկումը ազդում է մարդու էներգետիկայի վրա, ասել է հավաստագրված դիետոլոգ Էմի Գուդսոնը՝ Թեքսասից։ Ջրազրկումը հանգեցնում է արյան ծավալի նվազեցմանը՝ ավելի թանձրացնելով այն։ Դրա պատճառով սիրտը սկսում է ավելի վատ աշխատել, նվազում է թթվածնի եւ սննդարար նյութերի այլ օրգաններ եւ մկաններ հասնելու արագությունը։
Ձեր օրգանիզմում կա երկաթի պակաս
Երկաթի պակասը կարող է մարդուն դարձնել դանդաղաշարժ, դյուրագրգիռ, թույլ, ինչպես նաեւ խաթարել նրա կենտրոնանալու ունակությունը։
Ձեր սննդակարգում ավելացրեք երկաթ՝ սակավարյունությունից խուսափելու համար։ Օգտագործեք սովորական տավարի միս, լոբի, ձու (ձվի դեղնուցով), տերեւազարդ բանջարեղեն, ընկույզ ու գետնանուշի յուղ եւ այս ամենը համադրեք վիտամին С պարունակող մթերքների հետ, քանի որ վիտամին С-ն հեշտացնում է երկաթի յուրացումը, ասել է Գուդսոնը։ Բայց երկաթի պակասը կարող է կապված լինել առողջական ավելի լուրջ խնդիրների հետ եւ ախտանիշների առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։
Դուք պերֆեկցիոնիստ եք
Իդեալական լինելու ձգտումը, ինչն անկեղծ ասած, հնարավոր չէ, ստիպում է մարդուն ավելի շատ աշխատել, քան պետք է, ասել է Նյու Յորքի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Այրին Ս. Լեւինը։
«Դուք Ձեր առջեւ դնում եք նպատակներ, որոնք անիրական են, որոնց դժվար կամ անհնար է հասնել եւ Ձեզ մոտ գոհունակության եւ բավարարվածության զգացում երբեք չի առաջանում»:
Դուք ճանճը փիղ եք դարձնում
Եթե ամեն անգամ, երբ ղեկավարը Ձեզ կանչում է իր աշխատասենյակ եւ Դուք մտածում եք, որ նա Ձեզ աշխատանքից հեռացնելու է, կամ վախենում եք մեքենա վարել, որովհետեւ մտածում եք, որ վթարի եք ենթարկվելու, ապա հավանաբար Դուք խուճապի մատնվող եւ հոռետես մարդ եք։ Այդ տագնապը կարող է կաթվածահար եւ ուժասպառ անել Ձեզ, ասել է Լեւինը։ Երբ Դուք բռնացնում եք Ձեզ նման մտքերի վրա, խորը շունչ քաշեք եւ մտածեք, թե որքանով են հնարավոր դեպքերի նման վատ զարգացումները։
Դուք չեք նախաճաշում
Ձեր կերած սնունդը օրգանիզմի համար էներգիայի աղբյուր է։ Երբ Դուք քնած եք, օրգանիզմը յուրացնում է այն էներգիան, որը Դուք տվել եք նրան ընթրիքի ժամանակ։ Այդ պատճառով առավոտյան երբ արթնանում եք, Դուք նորից (նախաճաշի օգնությամբ) պետք է օրգանիզմը էներգիայով համալրեք։ Եթե չնախաճաշեք, ապա ամբողջ օրը թմրած կլինեք։
Դուք արագ սնունդ եք նախընտրում
Մեծ քանակությամբ շաքար եւ պարզ ածխաջրեր պարունակող մթերքները ավելացնում են արյան մեջ առկա շաքարի քանակը։ Արյան մեջ անընդհատ շաքարի քանակի ավելացումները եւ դրան հաջորդող կտրուկ փոփոխությունները օրվա ընթացքում հոգնածություն են առաջացնում,ասել է Գուդսոնը։
Ձեզ համար դժվար է «ոչ» ասել
Շատ սիրալիր մարդիկ հաճախ այդ չափից շատ հարգանքի պատճառով նվազեցնում են իրենց սեփական էներգիան եւ երջանկությունը։ Իսկ ավելի վատ է այն, որ ժամանակի ընթացքում նրանց մոտ կարող է զայրույթ եւ վիրավորանք կուտակվել։ Այդ պատճառով սովորեք «ոչ» ասել. հաճախ, երբ Դուք մենակ եք ինքներդ Ձեզ հետ, բարձրաձայն կրկնեք այդ բառը, ասել է լիցենզավորված կլինիկական հոգեբան Սյուզան Ալբերսը՝ Քլիվլենդի կլինիկայից։
Ձեր գրասենյակում խառնաշփոթ իրավիճակ է
Սեղանի թափթփվածությունը կարող է հոգեբանորեն ազդել մարդու վրա՝ սահմանափակելով նրա կենտրոնանալու եւ տեղեկատվությունը ընկալելու ունակությունը՝ ըստ Փրինսթոն համալսարանի հետազոտողների։
Դուք աշխատում եք առանց հանգստանալու
Հանգիստը եւ թուլանալը ժամանակ առ ժամանակ երիտասարդացնում են միտքը եւ մարմինը եւ թույլ են տալիս ավելի թարմ ուժերով անցնել աշխատանքի։
Քնելուց առաջ մեկ բաժակ գինի եք խմում (կամ ավելի շատ)
Ալկոհոլը ճնշում է կենտրոնական նյարդային համակարգը՝ ունենալով հանգստացնող ազդեցություն, ասել է Նյու Յորքում Նյարդաբանության եւ քնի բժշկության կենտրոնի տնօրեն դոկտոր Ալեն Թոուֆայը։ «Սակայն սա, վերջիվերջո, խաթարում է քնի բնականոն ռիթմը»։
Դուք քնելուց առաջ ստուգում եք Ձեր էլեկտրոնային փոստը
Պլանշետի, սմարթֆոնի եւ համակարգչի պայծառ լույսը կարող է խաթարել օրգանիզմի բնական ռիթմը՝ ազդելով մելատոնինի վրա. մելատոնինը քնի եւ արթնանալու ցիկլը կարգավորող հորմոն է։ Թվային սարքերի լույսի հանդեպ զգայունությունը կարող է տարբերվել մի մարդուց մյուսը, բայց ընդհանուր առմամբ, քնելուց առաջ ավելի լավ է խուսափել նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելուց, ասել է Թոուֆայը։ Չե՞ք կարողանում զսպել Ձեզ եւ քնելուց առաջ չստուգել էլեկտրոնային փոստը։ Ապա գոնե փորձեք պահել սարքը դեմքից նվազագույնը 14 սմ հեռավորությամբ։
Դուք չեք կարող առանց կոֆեինի
Օրական երեք բաժակ սուրճ խմելը այնքան էլ վատ չէ։ Բայց կոֆեինը նաեւ կարող է մեծապես ազդել Ձեր կյանքի ռիթմի վրա, ասել է Թոուֆայը։ Քնի կլինիկական բժշկության ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ կոֆեինի օգտագործումն անգամ քնելուց վեց ժամ առաջ, կարող է ազդել քնի վրա։
Հանգստյան օրերին Դուք ուշ եք պառկում քնելու
Շաբաթ երեկոյան զբոսնելուց հետո, մարդիկ սովորաբար կիրակի օրը մինչ կեսօր քնում են, ինչը իր հերթին դժվարացնում է երկուշաբթի առավոտյան շուտ արթնանալը, ասել է Թոուֆայը։






