Մարդիկ հակված են ինքնասպանություն գործել կեսգիշերից հետո, իսկ դրանց թիվը գագաթնակետին է հասնում ժամը 2-3 ընկած հատվածում՝ ըստ նոր հետազոտության։ Հետազոտողները հիմնվել են American Time Use-ի կողմից անցկացված հարցման եւ բռնությունների հետեւանքով տեղի ունեցող մահացությունների հաշվետվությունը ներկայացնող համակարգի արդյունքների վրա։ Նրանք վերլուծել են ինքնասպանությունների ավելի քան 35000 դեպքի կատարման ժամանակահատվածը, հաղորդում է Fox News-ը։
Պարզվել է, որ ցերեկային ժամերին կատարված ինքնասպանությունները կազմում են ընդամենը 2%, առավոտյան՝ 10%, իսկ գիշերը ժամը 2-3 ընկած հատվածում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 16%։
«Սրանք առաջին տվյալներն են, որոնք ապացուցում են, որ ցիրկադային գործոնները կարող են նպաստել մարդու մոտ առաջացած ինքնասպանության հակվածությանը, ինչից կարելի է եզրակացնել, որ անքնությունը նույնպես կարող է ռիսկի գործոն լինել»,-ասել են հետազոտողները։
Հաշվի առնելով գիշերային ժամերին ինքնասպանություն գործած մարդկանց բարձր տոկոսը՝ հետազոտողներն ասել են, որ անքնության բուժումը կարող է օգնել նվազեցնել ինքնասպանությունների վտանգը, որն ԱՄՆ-ում մահացությունների տասներորդ պատճառն է։






