Մանկական զարգացման հիմնադրամի «Մենք ենք»  ներառական թատերախումբը հունիսի 16-ին 18։30 Տիկնիկային թատրոնի դահլիճում կներկայացնի նոր բեմադրություն։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում խմբի բեմադրիչ Մարինե Ասատրյանը պատմեց, որ ներկայացումը կոչվում է «Ես եւ դու» եւ հիմնված է Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների եւ մասնակիցների մտորումների վրա։

Թատերախումբն այս պահին ունի 28 մասնակից, որոնցից ամենափոքրը 6 տարեկան է, ամենամեծը՝ 21։ Երեխաներից ոմանք խնդիրներ ունեն, մյուսներն առողջ են, սակայն բոլորը, Մարինե Ասատրյանի խոսքով, շատ լավ են խաղում իրենց դերերը եւ անհամբեր սպասում են ներկայացման երեկոյին։

«Եւ առողջ, եւ խնդիրներ ունեցող երեխաները մեզ մոտ միասին են աշխատում, միասին են ստեղծագործում։ Ամբողջ ներկայացումը հենց դրա մասին է՝ որքան մենք նման ենք իրար եւ որքան տարբեր ենք։ Բոլորս ապրում ենք նույն աշխարհում, բոլորս նույն ձեւով ծնվում եւ աշխարհ ենք գալիս, բոլորս անելիք ունենք՝ դրա մասին է ներկայացումը», - պատմեց ներկայացման բեմադրիչը։

«Այս երեխաները ասելիք ունեն այս աշխարհում։ Երեխաներից մեկը ներկայացման ժամանակ լավ խոսքեր է ասում. «Եթե ծնվել ու աշխարհ եմ եկել, ուրեմն ասելիք ունեմ»։ Մյուսը հարցնում է. «Քեզ որտեղի՞ց այդքան լավատեսություն»։ Առաջինը պատասխանում է. «Ծնվելու եւ ապրելու մեծ ցանկությունից»։ Շատ լուրջ խնդիրներ ենք բարձրացնում, բայց նրանց հասկանալի լեզվով», - ասաց Մարինե Ասատրյանը։

Նրա խոսքով՝ այսպիսի ներկայացումները շատ կարեւոր են երեխաների համար, քանի որ ինքնադրսեւորվելու եւ հասարակության մեջ որպես լիիրավ անդամ ներկայանալու հնարավորություն են տալիս՝ եւ ոչ միայն խնդիրներ ունեցող երեխաներին, այլեւ առողջներին, որոնք նույնպես ինքնահաստատվելու կարիք ունեն։

Երեխաները, ինչպես մեզ պատմեց Մարինե Ասատրյանը, Սարոյանի մի շարք ստեղծագործություններ են կարդացել, հետո բոլորով քննարկել են դրանք։ Ի դեպ, բեմադրիչից բացի երեխաների հետ աշխատում են նաեւ հոգեբան եւ օգնականներ։

Ինչպես մեր հետ զրույցում նշեց Մարինե Ասատրյանը, Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրերի շնորհիվ խումբն արդեն 3-րդ տարին անընդմեջ աշխատում է եւ ելույթ է ունենում ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում՝ մասնավորապես, Թալինում, Ստեփանավանում, Ապարանում եւ այլն։

Սակայն խնդիրներ խմբում նույնպես կան. մասնավորապես, երբ ավարտվում է հիմնադրամի ծրագիրը, խումբը ստիպված է լինում դադարեցնել իր գործունեությունը՝ մինչեւ հաջորդ ծրագրի սկիզբը, իսկ երեխաները այդ դադարները շատ ծանր են տանում։

«Ձեւավորված խումբը, որտեղ արդեն ընկերություն կա, ապրումներ կան, սպասում կա, դադարում է գործունեությունը, երբ ավարտվում է ծրագիրը։ Երեխաների համար դա շատ ծանր է լինում, եւ նրանք շատ են սպասում, թե երբ կլինի հաջորդ ծրագիրը», - ասաց Մարինե Ասատրյանը։