Վերջին՝ տերմինալ փուլում գտնվող սարկոմայով 14-ամյա աղջիկը շատ էր ցանկանում զբոսնել փողոցում, բայց չէր կարողանում ո՛չ տանից դուրս գալ, ո՛չ որեւէ բանով զբաղվել, ինչով սովորաբար ազատ ժամանակ զբաղվում են դեռահաս աղջիկները: Անտանելի ցավերի պատճառով նա միայն կարող էր տանը նստել՝ ապարդյուն փորձելով զսպել արցունքները:
Պալիատիվ խնամքի եւ ցավի վերահսկման հարցերով մասնագետ, Ցավի հետազոտման ասոցիացիայի նախագահ բժիշկ Նարինե Մովսիսյանին հրավիրել են այս աղջկա մոտ, որ պարզի, թե ինչով է հնարավոր նրան օգնել: Իսկ նրան օգնել հնարավոր էր. փրկել՝ արդեն ոչ, բայց օփիոիդային ցավազրկողները կարող էին նրան ազատել ցավից եւ հնարավորություն տալ վերջին օրերը հարմարավետության մեջ ապրելու:
Աղջկա հայրը, սակայն, կտրականապես հրաժարվել էր օփիոիդային ցավազրկողներից:
«Մորֆի՞ն: Դա, ախր, թմրանյութ է: Ոչ մի դեպքում: Իմ 14-ամյա աղջիկը թմրամոլ չի դառնա», - բացականչել էր նա:
Բժիշկ Մովսիսյանը փորձել էր նրան բացատրել, որ տվյալ դեպքում օփիոիդային ցավազրկողը միակ միջոցն է, որը կօգնի աղջկան ազատել տանջանքից, դե նաեւ նրան «թմրամոլ» չի դարձնի. դեղամիջոցների ազդեցությամբ նա ցավը չի զգա, բայց գիտակցությունը սթափ կլինի, կկարողանա զբաղվել իրեն դուր եկող բանով, նույնիսկ կկարողանա զբոսնելու գնալ՝ նա չէ՞ որ դա այդքան ցանկանում է... Սակայն հայրն անդրդվելի էր եւ այդպես էլ թույլ չտվեց աղջկան մորֆին տալ:
Մի քանի օր անց աղջիկը մահացավ: Նա մահացավ տանջվելով, եւ այդպես էլ չկարողացավ փողոցում զբոսնել:
Հայաստանում այս աղջիկն ամենեւին միակ պացիենտը չէ, որը ստիպված է մահանալ տանջվելով, պնդում է բժիշկ Մովսիսյանը: Եվ սա այն դեպքում, երբ երկրում կան մորֆին եւ այլ հզոր ցավազրկողներ, նաեւ օրինականության տեսակետից է ամեն ինչ կարգին. անգամ առաջնային օղակի բժիշկներն իրավունք ունեն իրենց պացիենտներին այս դեղամիջոցները նշանակել, եթե նրանք ուժեղ քրոնիկական ցավեր ունեն: Իրավունք ունեն, բայց չափազանց հազվադեպ են նշանակում: Նաեւ իրենք՝ պացիենտներն ու նրանց ազգականները, քանի որ մորֆինի մասին սխալ տեղեկություններ են լսել, վախենում են այն պահանջել:
Մորֆինի մասին ամենատարածված առասպելը վերաբերում է դրանից հնարավոր կախվածությանը. շատերը, ընդ որում՝ ոչ միայն պացիենտները, այլ նույնիսկ բժիշկները, վստահ են, որ ցավազրկման համար մորֆին ընդունող մարդը «թմրամոլ» է դառնում: Իրականում ամեն ինչ ամենեւին էլ այդպես չէ: Մասնագետը նշեց, որ ուժգին ցավերով պացիենտների մոտ մորֆինը ո՛չ էյֆորիա է առաջացնում, ո՛չ, ինչպես ժողովուրդն է ասում, «կայֆ». այն պարզապես վերացնում կամ մեղմում է ցավային համախտանիշը: Ընդ որում՝ պացիենտը միանգամայն համարժեք է, նրա գիտակցությունը սթափ է մնում, եւ պարբերաբար անհրաժեշտ դեղաչափ ստանալով՝ ցերեկը կարող է զբաղվել իր ամենօրյա գործերով, իսկ գիշերը հանգիստ քնել:
Բժիշկ Մովսիսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց, որ Ավստրիայի հիվանդանոցներից մեկում վերապատրաստվելիս մի պաշտոնյայի է տեսել, որը ընդմիջմանը գալիս էր հիվանդանոց, որ մորֆինային պոմպից ստանար դեղամիջոցի չափաբաժինը: Այս պոմպն աշխատում էր ինսուլինի պոմպի նման եւ պարբերաբար պացիենտի օրգանիզմ էր ներարկում անհրաժեշտ դեղաչափը, եւ պաշտոնյան իր հիվանդության պատճառով ցավեր չզգալով՝ զբաղվում էր իր գործերով:
Մասնագետը նշեց, որ օփիոիդային ցավազրկողների կարիք ունեն, որպես կանոն, քրոնիկական, առավել հաճախ օնկոլոգիական հիվանդություններով մարդիկ. օնկոպացիենտների մոտ 70-80 տոկոսը տառապում է ուժգին ցավերից եւ մորֆինի կարիք ունի: Երբեմն նման ցավազրկողների կարիք են ունենում նաեւ շաքարային դիաբետի ծանր ձեւերով եւ որոշ նեւրոլոգիական հիվանդություններով պացիենտները:
Դեղատներից ձեռք բերվող «սովորական» ցավազրկողներն ինչո՞ւ չեն օգնում նման հիվանդներին:
Մասնագետի պարզաբանմամբ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային եւ այլ ցավազրկող միջոցները հաշվարկված են ժամանակի կարճ միջակայքի համար. դրանցով կարելի է վերացնել, այսպես կոչված, սուր, կարճատեւ ցավերը, իսկ դրանք խորհուրդ չի տրվում ընդունել 5-10 օրից ավելի, քանի որ կարող են ունենալ ծանր կողմնակի էֆեկտներ:
Սակայն քրոնիկական ցավերն իրենց յուրահատկությունն ունեն. դրանք ժամանակի ընթացքում չեն անցնում, հակառակը՝ կարող են ուժգնանալ, հատկապես եթե խոսքը պրոգրեսիվ քաղցկեղի մասին է: Ցավերը կարող են ամիսներ տեւել, իսկ երբեմն էլ տարիներ: Դրանք պացիենտին հյուծում են, վատացնում նրա կյանքի որակը, զրկում որեւէ բան անելու հնարավորությունից: Նման պացիենտները օփիոիդային ցավազրկողների կարիք ունեն։ Միայն այդ ցավազրկողների շնորհիվ է հնարավոր մեղմել ցավը՝ ապահովելով կյանքի նորմալ որակ և արժանապատիվ մահ:
Բուժման ընթացքում մորֆին կարող են նշանակել նաեւ ոչ տերմինալ պացիենտներին, եթե նրանք ուժգին ցավեր են զգում: Եթե բուժումը հաջող լինի, եւ նրանց վիճակը սկսի բարելավվել, դեղաչափը հնարավոր է փոփոխել, իսկ անհրաժեշտության դեպքում ընդհանրապես դեղամիջոցը հանել, ուստի այն առասպելը, որ եթե մարդը սկսել է մորֆին ընդունել, ապա դա ամբողջ կյանքում կշարունակվի, նույնպես ոչ մի հիմնավորում չունի:
«Պացիենտը չպետք է ցավ զգա, նա պետք է իրեն հարմարավետ զգա՝ անկախ ամեն ինչից,- ասաց բժիշկ Մովսիսյանը: - Օփիոիդային դեղամիջոցներով ցավազրկումը ոչ միայն բարելավում է կյանքի որակը, այլեւ մահվան որակը, եթե կարելի է այսպես արտահայտվել: Եթե պացիենտը մահանում է, ինչո՞ւ պետք է մահանա տանջվելով: Ինչո՞ւ պետք է բղավի, արտասվի: Ինչո՞ւ այդ մարդուն չնվիրենք հարմարավետության մեջ, արժանապատիվ մահանալու հնարավորություն»:
Մասնագետի խոսքով՝ Հայաստանում արդեն լուծվել են քրոնիկական ցավերով հիվանդների համար օփիոիդային ցավազրկողների կիրառմանն առնչվող բոլոր օրենսդրական հարցերը; երկրում մորֆին կա: Բայց տարօրինակ «օփիոիդաֆոբիայի» պատճառով, որը մտել է ինչպես բժիշկների, այնպես էլ պացիենտների գլուխը, ցավազրկման կարիք ունեցողներից քչերն են այս դեղամիջոցներն ընդունում: Պացիենտները եւ նրանց ազգականները վախենում են, որ «թմրամոլ» կդառնան, իսկ բժիշկները, հատկապես նրանք, որոնք պոլիկլինիկաներում են աշխատում, նույնիսկ վերջին ամիսներին նրանց համար կազմակերպված բազմաթիվ սեմինարներից եւ թրեյնինգներից հետո վախենում են դրանք նշանակել:
Արդյունքում՝ երկրում հազարավոր մարդիկ հենց այդ պահին ապարդյուն փորձում են հաղթահարել ցավը կամ դրանից շեղվել:






