Բուլղարիայի Կառավարության ֆինանսավորմամբ Շիրակի մարզի Ամասիա համայքնում կիրականացվի հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ինտեգրման ծրագիր:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Երեւանում մարտի 29-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի եւ Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւվայի կողմից:
Ռադոչայը հայտնեց, որ ծրագրի շրջանակում մասնավորապես նախատեսվում են սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտներում ծառայությունների համակարգման աշխատանքներ:
Ինչպես նշվեց, դա թույլ կտա բացահայտել 0-6 տարեկանում հաշմանդամություն կամ զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին: Դրա շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն ճիշտ գնահատել նրանց կարիքները՝ նրանց անհրաժեշտ ծառայություններով ապահովելով, այլեւ համապատասխան խորհրդատվություն տրամադրել նրանց ծնողներին:
Ռադոչայը հույս հայտնեց, որ նման ներառական մոտեցումը կօգնի սահմանափակ հնարավորությամբ երեխաների սոցիալական ադապտացման գործում:
Ծրագիրը նաեւ նպատակ ունի խթանել ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացումը երեխաների պաշտպանության եւ կրթության բնագավառներում: Այս հարցում համագործակցությունն իրականացվելու է Առողջապահության նախարարության, Կրթության եւ գիտության նախարարության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Ռադոչայը շեշտեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ իր ջանքերն ուղղելով հատուկ դպրոցներում սովորող հաշմանդամություն ունեցող երեխաների թվաքանակի կրճատմանը:
Բացի այդ, հանրապետության կառավարությունը քայլեր է ձեռնարկում համընդհանուր ներառական կրթության ներդրման ուղղությամբ: «Պետք չէ մոռանալ, որ հաշմանդամություն ունեցող երեխաները հատուկ ուշադրության, ծնողական սիրո եւ հասակակիցների հետ շփվելու կարիք ունեն», - ասաց նա:






