Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում շատ հիվանդություններ հաջողվել է արմատախիլ անել պատվաստումների շնորհիվ: Սակայն այսօր այդքան ակտիվ հակապատվաստումային շարժումը կարող է հարվածի տակ դնել պատվաստման բոլոր ձեռքբերումները, պնդում է համաճարակաբան Արման Բադալյանը:
Մասնագետը հիշեցրեց, որ միայն պատվաստման շնորհիվ Հայաստանում այսօր ոչ ոք չի հիվանդանում այնպիսի հիվանդություններով, ինչպես սեւ ծաղիկը, պոլիոմիելիտը, կարկամախտը: Երկրում չկա նաեւ կարմրուկի բռնկում՝ նույնպես պատվաստման շնորհիվ, չնայած տարածաշրջանի եւ աշխարհի շատ երկրներում այսօր գրանցվում են այս հիվանդության տասնյակ եւ հարյուրավոր դեպքեր, ինչպես նաեւ դրա հետեւանքով մահվան դեպքեր:
Սակայն հակապատվաստումային շարժումը, որը Հայայստանում սկսվել է ընդդեմ Գարդասիլի՝ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի, մասնագետի խոսքով, սասանում է բոլոր պատվաստանյութերի հանդեպ բնակչության վստահությունը: Իսկ դա կարող է հարվածի տակ դնել Հայաստանում պատվաստման բոլոր ձեռքբերումները, հիվանդությունները, որոնց մասին մենք արդեն մոռացել ենք, կարող են կրկին վերադառնալ, եթե պատվաստման ընդգրկումը նվազի:
Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԻ ղեկավար Գեորգի Օկոեւը նշեց, որ աշխարհում պատվաստման հակառակորդներ միշտ եղել են. սեւ ծաղկի դեմ պատվաստանյութը ժամանակին նույնպես որոշ մարդկանց անվստահությունն էր հարուցում, չնայած դրա շնորհիվ հաջողվեց փրկել հարյուր հազարավոր կյանքեր:
Սեւ ծաղիկը (բնական ծաղիկ) վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունը է, որը սպանել է վարակվածներից շատերին, իսկ նրանք, որոնք ողջ էին մնում, կարող էին տեսողությունը կորցնել մասնակի կամ ամբողջական, իսկ նրանց մաշկին նախկին խոցերի տեղերում բազմաթիվ սպիներ էին մնում: Եվրոպայում մինչեւ ծաղիկի դեմ զանգվածային պատվաստումը, որոշ տեղեկություններով, ամեն տարի մահացել է 1,5 միլիոնից ավելի մարդ:
Սեւ ծաղկի դեմ հաղթանակին հասել են դրա դեմ պատվաստանյութի զանգվածային կիրառման շնորհիվ: Սեւ ծաղկի դեմ բնակչության համընդհանուր պատվաստումը սկսվել է 1967 թվականին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո: Ճիշտ է, երբ պատվաստումն անցկացնում էին, մարդիկ էին հայտնվում, որոնք հանդես էին գալիս դրա դեմ, կովի ականջներով մարդկանց ծաղրանկարներ էին նկարում (բնական ծաղկի դեմ պատվաստանյութը ստեղծվել էր կովի ծաղկի շնորհիվ): Այդուհանդերձ, չնայած այդ ժամանակվա հակապատվաստումային շարժումներին, հաջողվեց ամբողջ աշխարհում բնական ծաղիկն արմատախիլ անել: Վերջին հիվանդը գրանցվել է 1977 թվականին Սոմալիում (Աֆրիկա):






