«Գարդասիլով պատվաստումը կարող է անպտղություն առաջացնել». այսպիսի պնդմամբ հաճախ են հանդես գալիս այս պատվաստանյութի շատ հակառակորդներ՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում: Իսկ այդ մասին ի՞նչ կարծիք ունեն մասնագետները:
Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԻ ղեկավար Գեորգի Օկոեւը նշում է, որ պատվաստանյութն իրականում չի կարող բացասական ազդեցություն ունենալ կնոջ վերատադրողական առողջության վրա: Բանն այն է, որ այս պատվաստանյութը վիրուսներ չի պարունակում, այլ միայն սպիտակուցներ, որոնց շնորհիվ օրգանիզմը պապիլոմա վիրուսի 4 շտամների դեմ պաշտպանական մեխանիզմներ է մշակում, բայց դրանք պացիենտի օրգանիզմում չեն կարող բերել գենետիկ խանգարումների:
Հայաստանում բոլորովին վերջերս են սկսել Գարդասիլ-4-ը կիրառել, սակայն շատ այլ երկրներում այս պատվաստանյութը կիրառում են արդեն 10 տարուց ավելի, իսկ այն ստացած կանանց թվում քիչ չեն նրանք, որոնք արդեն հասել են վերարտադրողական տարիքի եւ երեխաներ ունեցել: Մասնագետի խոսքով՝ նրանց խմբում վերարտադրողական խնդիրներն ավելի տարածված չեն, քան չպատվաստված կանանց խմբում:
«Գարդասիլի եւ անպտղության միջեւ որեւէ կապի մասին գիտական ոչ մի տվյալ չկա»,- շեշտեց մասնագետը:
Համաճարակաբան Արման Բադալյանն իր հերթին նշեց, որ այն ամենը, ինչ իրենց հոդվածներով եւ հոլովակներով տարածում են պատվաստումներին ընդդիմացողները, սոսկ ապատեղեկատվություն է, որոնք ոչ մի գիտական հիմնավորում չունեն:
«Չկա հակապատվաստումային բովանդակության ոչ մի հոդված, ոչ մի տեսանյութ, որի տվյալները հնարավոր չլիներ հերքել գիտական տվյալներով եւ ապացույցներով»,- ասաց մասնագետը:






