Բալթիմորի (ԱՄՆ) վիրաբույժները բժշկության պատմության մեջ երիկամի առաջին փոխպատվաստումն են իրականացրել ՄԻԱՎ-ով դոնորից։ Սա շատ կարեւոր իրադարձություն է ՄԻԱՎ-ով պացիենտների համար, որոնք օրգանների պատվաստման կարիք ունեն։ Եթե ՄԻԱՎ-ով մարդիկ կարող են դառնալ օրգանների դոնորներ, դա հնարավորություն կտա շատ պացիենտների ստանալ բաղձալի փոխպատվաստումը։
35-ամյա Նինա Մարթինեզը, որը դարձավ երիկամի դոնոր, ՄԻԱՎ-ով վարակվել էր արյան փոխներարկման պատճառով 1983 թվականին, 6 շաբաթական հասակում, երբ արյան բանկերը դեռ չէին ստուգում դոնորական նյութը՝ վիրուսի առկայությունը պարզելու համար։
Նրան հաջողվեց ապրել մինչեւ 1996 թվականը, հենց այդ ժամանակ էլ սկսեցին ակտիվորեն օգտագործել հակառետրովիրուսային թերապիան։ Այսօր այդ կինը անորոշ վիրուսային բեռնվածություն ունի։
Մարթինեզը որոշ ժամանակ առաջ սկսեց հետաքրքրվել, թե արդյոք կարող է իր երիկամը տալ ՄԻԱՎ-ով վարակված ընկերոջը, որը պատվաստման կարիք ունի։ Նրա ընկերը մահացել էր այդ բոլոր թեստերի անցկացումից առաջ, բայց ի հիշատակ ընկերոջ՝ նա որոշեց, այնուամենայնիվ, երիկամը տալ մեկ այլ ՄԻԱՎ-ով վարակված պացիենտի, որը փոխպատվաստման կարիք ուներ։
Եվ ահա երկուշաբթի Նինան Ատլանտայից տեղափոխվեց Բալթիմոր, Ջոնս Հոփկինսի համալսարան, որտեղ եւ իրականացվեց վիրահատությունը։
Հիմա բժիշկները հնարավորություն կստանան օգտագործել դրական ՄԻԱՎ ունեցող մարդկանց օրգանները ՄԻԱՎ-ով վարակված ուրիշ մարդկանց օգնելու համար, որոնց թիվը կայուն ավելանում է աշխարհի տարբեր երկրներում։






