ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դրական գնահատական տվեց մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստմանը:

Հիշեցնենք, որ սոցցանցերում ակտիվ գործունեություն են իրականացնում պատվաստմանը դեմ խմբերը, որոնք տվյալ գործընթացը մարդկանց դեմ փորձ են անվանում: Ընդ որում քննադատության է ենթարկվում ոչ միայն գարդասիլը, այլեւ կարմրուկի դեմ պատվաստումները:

«Դրանք փորձեր չեն, դա նորմալ գործընթաց է հանրային առողջության պահպանման ոլորտում», - ապրիլի 1-ին «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախարարը

Թորոսյանը շեշտեց, որ Հայաստանում կարմրուկի դեմ պայքարում տպավորիչ արդյունքներ են ձեռք բերվել բնակչության պատվաստման բարձր մակարդակի պատճառով: Դրա շնորհիվ ավելի քան 10 տարի հանրապետությունում գրանցվում են կարմրուկի դրսից բերված դեպքեր:

Ինչ վերաբերում է Գարդասիլին, ապա Թորոսյանը նշեց, որ այս դեպքում պատվաստումը կօգնի փրկել արգանդի վզիկի քաղցկեղի պոտենցիալ վտանգով հարյուրավոր կանանց կյանքերը: