Օրգանապահպան ուռուցքա-պլաստիկ վիրահատությունների առավելությունն այն  է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կինը, մաստէկտոմիայի (կրծքի հեռացում) ենթարկվելով, վիրահատությունից հետո արթնանում է նոր կրծքով։ Այս մասին հունիսի 11-ին կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտնեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժության բաժնի ղեկավար Արմեն Քոչարյանը եւ ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ Արթուր Սալիբյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում Սալիբյանի ղեկավարությամբ կատարվել է նոր մեթոդով օրգանապահպան ուռուցքա-պլաստիկ վիրահատություն։ Նման վիրահատությունների դեպքում կուրծքը լիովին չի հեռացվում. մաշկային ծածկույթը եւ պտուկը պահպանվում են։

Եթե Եվրոպայում եւ ԱՄՆ-ում նման վիրահատություններն արդեն 20 տարի կատարվում են, ապա մեր երկիր դրանք հասել են այս տարի։ Մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորը արդեն կատարել է բարեգործական մի քանի վիրահատություն, եւ նա հենց ինքն է տրամադրել սիլիկոնե պրոթեզները։ Ըստ նրա՝ պրոթեզներն անվտանգ են, եւ բժիշկը ոչ մի  խնդրահարույց դեպք չի հիշում։ «Շատ կարեւոր է, որ հայ կանայք տեղյակ լինեն նման վիրահատությունների մասին»,-ասաց դոկտոր Սալիբյանը։

Ըստ որոշ տվյալների՝ այսօր Հայաստանում մաստէկտոմիայի ենթարկված հազար կնոջից միայն հինգն է դիմում պլաստիկ վիրահատությունների։

«Նման վիրահատությունները ձեռնտու են եւ հոգեբանորեն, եւ ֆինանսապես։ Ես չեմ տեսել մի կնոջ, ով ժպտում է վիրահատությունից հետո, իրեն առանց կուրծք տեսնելիս։ Իսկ նման վիրահատությունների դեպքում այդ խնդիրն ինքնաբերաբար լուծվում է։  Կինը արթնանում է կրծքով։ Ընդ որում, երկու վիրահատություն միանգամից կատարելը ավելի էժան է»,-ասաց Արմեն Քոչարյանը։