Inside Edition լրատվական պորտալի հաղորդավարուհի Դեբորա Նորվիլը (Deborah Norville) ժամանակին իմացավ, որ վահանաձեւ գեղձի քաղցկեղ ունի ուշադիր հեռուստադիտողի շնորհիվ։

YouTube-ում Նորվիլը պատմել է, որ մի քանի տարի առաջ հեռուստադիտողը նրան տեղեկացրել է պարանոցին փոքրիկ գնդի մասին։ Հաղորդավարուհին խորհրդակցել է բժշկի հետ, բայց սկզբում մասնագետը վտանգ չի հայտնաբերել՝ ասելով, որ դա ընդամենը վահանաձեւ գեղձի փոքրիկ հանգույց է, բայց այն պետք է մշտապես զննել։

«Տարիներ շարունակ այդպես էլ մնաց։ Մինչեւ որ վերջերս ինչ-որ բանի վերածվեց»,- ասել է Նորվիլը։

Նրա խոսքով՝ բուժման համար քիմիաթերապիայի կարիք չկա, բավական է վիրաբուժական միջամտություն անել։ Վիրահատությունը տեղի ունեցավ երեքշաբթի, ապրիլի 2-ին։ Instagram-ում հաղորդավարուհին պարզաբանել է, որ «ամեն բան լավ է անցել»։

Վահանաձեւ գեղձի հանգույցները մեծ մասամբ ի հայտ են գալիս հասուն տարիքում, տեղեկացնում է Ամերիկյան ուռուցքաբանական ընկերություն (American Cancer Society) կազմակերպությունը։ Նրանց տվյալներով՝ նման գոյացությունների մեծ մասը բարորակ է, բայց 20 դեպքից 2-3-ում դրանք դառնում են չարորակ ուռուցքներ։

Նորվիլը CBS եւ NBC ալիքների նախկին հաղորդավարուհին է։ Նա լույս է ընծայել Thank You Power գիրքը, որը դարձել է բեսթսելեր New York Times գրքերի մեջ։