Ոմանց կարող է թվալ, որ սելեկտիվ աբորտները այնքան էլ լուրջ խնդիր չեն, քանի որ չծնված աղջիկների փոխարեն աբորտ արած կանայք հետո տղաներ են լույս աշխարհ բերում: Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, պնդում է Հայաստանում ՄԱԿ-ի ժողովրդաբնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Հայաստանում կան լուրջ ժողովրդագրական խնդիրներ եւ սելեկտիվ աբորտները դրանք միայն խորացնում են: Երկրի բնակչությունը կրճատվում է, ծերանում, ծնելիությունը նվազում է, իսկ անպտղությունը լայնորեն տարածված է. ամեն 6-րդ զույգը չի կարողանում երեխա բեղմնավորել:
Սելեկտիվ աբորտները նույնպես լուրջ ժողովրդագրական խնդիր են ներկայացնում. փորձագետների հաշվարկներով, եթե ոչինչ չփոխվի, 2060-ին Հայաստանում 93000 աղջիկ չի ծնվի, իսկ արդյունքում երկրի բնակչությունը կկրճատվի եւս 80 հազարով:
Չպետք է մոռանալ նաեւ այն մասին, որ ամեն մի աղջիկ մայր է, որն ապագայում կծնի նաեւ իր երեխաներին: Եթե նրա ծնողները որոշում են նրան չծնել, նրանց որոշումը վերաբերում է ոչ միայն նրան, այլեւ նրա բոլոր երեխաներին եւ թոռներին:
Մասնագետը նշեց, որ Հայաստանում ծնելիությունը վերջին տասնամյակներին զգալի նվազել է: 1990-ականներին ծնելիության գործակիցը կազմում էր 2.6, սակայն հաջորդ 10 տարիներին այն կրկնակի կրճատվել է եւ կազմել ընդամենը 1.3, որից հետո մի փոքր բարձրացել է՝ մինչեւ 1.5-1.6 եւ մինչ այսօր պահպանվում է այդ մակարդակում:
Բնակչության թվաքանակի կրճատումը իր հետ մի շարք խնդիրներ է բերում՝ այդ թվում տնտեսական, քանի որ երկիրը, որտեղ քիչ աշխատողներ կան, կորցնում է իր մրցունակությունը: Բացի այդ մեկ մարդու համար ծախսերն ավելանում են եւ դա լուրջ բեռ է դառնում պետության համար: Պետք չէ մոռանալ նաեւ, որ, ինչպես ընդգծեց մասնագետը, բնակչության թվաքանակը նույնպես ազգային անվտանգության հարց է:
Մասնագետը նշեց, որ պետական մակարդակով բոլոր ժողովրդագրական հարցերի լուծումը մեծ ռեսուրսներ է պահանջում: Սակայն կան բաներ, որոնք ամեն մի քաղաքացի կարող է իր համար անել:
Օրինակ անպտղությունը երբեմն վնասակար սովորությունների եւ հիվանդությունների հետեւանք է լինում, որը փոխանցվում է սեռական ճանապարհով: Եթե յուրաքանչյուրը առողջ ապրելակերպ վարի եւ պատասխանատու անվտանգ սեռական կյանք, բնակչությունում վերարատադրողական առողջության հետ կապված խնդիրները զգալիորեն քիչ կլինեն:
Բնակչության թվաքանակի պահպանման եւ ժողովրդագրական խնդիրների դեմ պայքարելու համար կարելի է եւս մեկ պարզ բան անել. աբորտի չգնալ՝ իմանալով, որ աղջիկ է ծնվելու, թույլ տալ, որ նա ծնվի եւ անել ամեն ինչ, որպեսզի նա գրագետ, խելացի եւ անկախ կին դառնալու հնարավորություն ունենա:






