Կարծիք կա, որ մաստէկտոմիայից հետո կրծքի վերականգման պլաստիկ վիրահատությունները ավելի լավ է կատարել կրծքի հեռացումից երկու-երեք տարի անց։ Այդ դեպքում հիվանդության կրկնության հավանականությունը նվազագույնի է հասնում։
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանն ասել է, որ ամեն ինչ կախված է քաղցկեղի ուռուցքի տվյալ դեպքից։
«Եթե կոնկրետ ինչ-որ դեպքի տվյալները բժիշկների կողմից հաստատվել են, ապա մաստէտոմիայի հետ միասին պլաստիկ վիրահատություն կատարելը հակացուցված չէ»,-ասել է նա։
Ամեն ինչ կախված է ուռուցքի մեծությունից, նրա գտնվելու վայրից, ավշային հանգույցների վնասման չափից։ Դրա համար գոյություն ունի բժիշկների խորհուրդ, որտեղ ներառված են վիրաբույժ-ուռուցքաբան, պլաստիկ վիրաբույժ, պաթալոգոանատոմ, քիմիաթերապեւտ, ճառագայթաբան։ Հարցը լուծվում է համատեղ քննարկման միջոցով՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար։
Եթե ուռուցքը մինչեւ 5մմ է, որը քիմիաթերապիայի եւ ճառագայթման ենթակա չէ, ապա հիվանդին տեղեկացնում են օրգանապահպան վիրահատությունների մասին (ենթամաշկային մաստէկտոմիա)։ Ուռուցքը եւ համապատասխան հատվածը ավշային հանգույցների հետ միասին հեռացվում են եւ տեղադվում է մշտական պրոթեզ։
Եթե ուռուցքի չափը 0,5-1սմ է՝ անկախ կառուցվածքից, «կարելի, թե ոչ» հարցը որոշվում է բժիշկների կողմից։ Անհրաժեշտության դեպքում հետագա բուժման ժամանակ կրծքի ենթամաշկային հատվածում հեռացված հյուսվածքների տեղը էկսպանդեր է տեղադրվում, որը չի խանգարում բուժմանը, ինչից հետո 3-6 ամսվա ընթացքում այն հեռացվում է, եւ դրա փոխարեն տեղադրվում է սիլիկոնե պրոթեզ։






