Այո, դեղերի գների որոշակի տարբերություն կա տարածաշրջանի մյուս երկրների համեմատ, 40, 50, երբեմն 80 տոկոսով դեղերը Հայաստանում ավելի թանկ են, բայց ոչ 4 անգամ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, թե դեղերի անհասկանալի գրանցումը, պետական մրցակցող ընկերության բացակայությունը եւ ԿԲ կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել են եվրոպական միջինի, ՌԴ, Ուկրաինայի եւ Վրաստանի համեմատ դեղերի 2-4 անգամ բարձր գների։

«Դրա պատճառները բազմազան են։ Գրանցման մասով ասեմ, որ դեղերը անպայման պետք է անցնեն գրանցման գործընթաց, քանի որ պարտադիր չի, որ Եվրոպայում գրանցված դեղարտադրող որեւէ կազմակերպության գործարանը տեղակայված լինի հենց այդ երկրում։ Օրինակ՝ Գերմանիայում գրանցված դեղարտադրողի գործարանը կարող է տեղակայված լինել Հնդկաստանում, եւ այստեղ պետք է հասկանալ, որ գործարանում է արտադրվում, արտադրության ինչպիսի հոսքագիծ է անցնում այդ դեղը մինչեւ փաթեթավորում եւ Հայաստան ներկրում, դրա համար պարտադիր կատարվում է դեղորքայքի նմուշառություն եւ կատարվում է գրանցում, որից հետո հնարավոր է լինում վաճառել կամ ներկրել Հայաստան։ Գրանցումը անհրաժեշտ է, իսկ վերջերս էլ այն ավելի պարզեցվել է»,–նշեց նա։ Պատգամավորի համար դեղերի գնագոյացման խնդիրը շատ կարեւոր է. «Ի տարբերություն տարածաշրջանի երկրների՝ մեզ մոտ կիրառվում է դեղերի ավելեցված արժեքի հարկ (ԱԱՀ), օրինակ՝ հարեւան Վրաստանում ավելացված արժեքի հարկ չկա, ԱՊՀ երկրներում 8-10 տոկոս, մեզ մոտ 20 տոկոս, այստեղից էլ դեղի բարձր գինը»։

Նարեկ Զեյնալյնի խոսքով՝ կարեւոր խնդիր է նաեւ դեղերի գների չվերահսկումը. «Որոշակի խնդիր ունենք դեղերի գների վերահսկման հետ կապված, քանի որ ազատ տնտեսական հարաբերություններ են եւ դեղերը ոչ մի կերպ չեն վերահսկվում, սակայն այդ հանգամանքը բերում է որոշակի չարաշահումների ներկրողների կողմից, օրինակ՝ խոշոր ներկրողներ կարող են պայմանավորվել դեղի գին եւ ստանալ գերշահույթ»։

ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ իրենք օրենսդրական նախաձեռնություն են նախապատրաստում վերոհիշյալ խնդիրների լուծման նպատակով. «Մենք ուսումնասիրություն են կատարում, առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք եւ ԱԱՀ–ի եւ դեղերի գների զսպման հետ կապված, որ կարողանանք դեղերը բերել այն խելամիտ գների, որ տարածաշրջանում կա։

Ուսումնասիրում ենք, թե տարբեր երկրներում գնագոյացումը եւ գների զսպումը ինչպխես է իրականացվում, ինչ գործիքակազմով, եվրոպական երկրներում առկա փորձն ենք ուսումնասիրում, որպեսզի մեզ մոտ արվի առավել արդյունավետ ձեւով, ոչ հապշտապ, իսկ ԱԱՀ–ն առաջարկելու ենք նվազեցնել, եթե ոչ ամբողջությամբ հանենք։ Այս պահին կդժվարանամ թվեր նշել, բայց որ դա պետք է արվի, միանշանակ»։