Շատերն այսօր անտեսում են անքնությունը եւ քնի խանգարումները՝ փորձելով ինքնուրույն հաղթահարել դրանք։ Անքնությունը, իհարկե, կարող է տարբեր պատճառներով առաջանալ, երբեմն անգամ կարելի է ինքնուրույն հաղթահարել այն։ Բայց լինում են դեպքեր, որ անքնությունը վկայում է օրգանիզմում առկա ավելի լուրջ հիվանդությունների մասին եւ ամեն դեպքում պետք է դիմել մասնագետի։ Հարց է առաջանում՝ ի՞նչ մասնագետի։
Պարզվում է, կա նման մասնագիտություն՝ քնի խանգարումների մասնագետ։ Անգամ կան հատուկ կլինիկաներ, որտեղ ուսումնասիրում եւ բուժում են քնի հետ կապված հիվանդությունները։
Ո՞ր բժիշկներն են դրանով զբաղվում
Սովորաբար կլինիկաներում քնի խանգարումների հարցերով զբաղվում են նյարդաբաններն ու հոգեբույժները, սակայն NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում քնի խանգարումների մասնագետ, նյարդաբան Սամսոն Խաչատրյանն ասաց, որ այս բնագավառում իրենց գործունեությունը կարող են ծավալել անգամ թոքաբանները, սրտաբանները եւ, քիթ-կոկորդ-ականջի մասնագետները։ Բանն այն է, որ քնի խանգարումները կապված են այլ օրգանների եւ համակարգերի հետ, այդ պատճառով խնդիրը բացահայտելու համար պետք է համալիր մոտեցում եւ մի քանի մասնագետի աշխատանք։
Ինչպե՞ս բուժել քնի խանգարումները։
Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ քնի խանգարումները բուժելու համար պետք է սկսել հենց այդ խանգարումների պատճառներից։ Օրինակ, անքնության դեպքում բժշկական եւ հոգեբուժական բուժումը բավականին արդյունավետ է եւ մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում. Հայաստանում այն նույնպես կիրառվում է։ Քնած ժամանակ շնչառական խանգարումների դեպքում կամ օգտագործվում են հատուկ սարքավորումներ կամ օպերատիվ մեթոդներ. ամեն ինչ կախված է տվյալ դեպքից։ Եթե քնի խանգարումները կապված են այլ հիվանդությունների հետ, սկզբում հենց դրանք են բուժում։ Ամեն դեպքում, թե ինչ բուժում կարելի է ընդունել, որոշում են մասնագետները։






