Ակնկալվում է, որ շտապօգնության ծառայության բյուջեն կավելանա 3 միլիարդ դրամից հասնելով 4 միլիարդ դրամի։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 17-ին կառավարական ժամին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին։
Նրա խոսքերով, շտապօգնության ծառայության տարեկան բյուջեն այսօրվա դրությամբ կազմում է մոտ 3 մլրդ դրամ։
«Եկող տարի մենք ծրագրում ենք բարձրացնել այն մեկ միլիարդ դրամով։ Դա հնարավորություն կտա շտապօգնության ավելի շատ բրիգադներ պահել, եւ դա էլ, իր հերթին, թույլ կտա, անհրաժեշտության դեպքում, մարզերից մայրաքաղաք ավելի մեծ թվով մարդկանց հոսպիտալացնել»,- պարզաբանել է նախարարը։
Ընդ որում, նա նշել է, որ բյուջեի ավելացման արդյունքում իրենք կարող են նաեւ բարձրացնել շտապօգնության բրիգադների աշխատակիցների աշխատավարձները։






