Հրազենից կամ դանակի հարվածից վնասվածք ստացած, շտապ օգնության բաժանմունք տեղափոխված հիվանդները կարող են մասնակիցը լինել ապշեցուցիչ մի բժշկական փորձի: Վիրաբույժները պետք է դուրս մղեն հիվանդի արյունը եւ փոխարինեն այն սառեցված աղի լուծույթով: Առանց սրտի եւ ուղեղի աշխատանքի հիվանդը կարող է կլինիկական մահ ապրել, իսկ հետո վիրաբույժները պետք է փրկեն նրա կյանքը, հայտնում է The New York Times-ը:
Հիշեցնենք, որ Պիտսբուրգի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները սկսել են կլինիկական մի փորձարկում, որը սովորական վիրաբուժության եւ ինչպես որոշ մարդիկ ասում են՝ անգամ բժշկական էթիկայի սահմաններից դուրս է:
Սա նման է «Աստղային պատերազմների»,-ասել է Մերիլենդի համալսարանի վնասվածքաբան Թոմաս Մ. Սկալեան: «Եթե Դուք այս մասին մարդկանց հետ խոսեիք մի քանի տարի առաջ, նրանք երեւի Ձեզ խորհուրդ կտային քիչ տարվել թմրանյութերով կամ կմտածեին, որ Դուք գժվել եք»:
Սուզվելով սառեցված լճի մեջ կամ թաքնվելով ինքնաթիռի շասսիներում 38000 ֆուտ բարձրության վրա՝ մարդկանց հաջողվել է գրեթե առանց թթվածնի մոտ մեկ ժամ ողջ մնալ, եթե նրանց մարմինը գտնվել է սառը տեղում: 1960 թվ-ին Սիբիրում վիրաբուժության մեջ մինչ սրտի վիրահատությունը երեխաներին սկսել են դնել ձնակույտերի մեջ՝ նրանց ապրելու հավանականությունը ավելի մեծացնելու համար:
Հիվանդները կանոնավոր կերպով սառեցվում են վիրահատական գործողություններից առաջ, որոնք իրենց մեջ ներառում են նաեւ սրտի կանգ: Բայց այսպես կոչված թերապեւտիկ հիպոթերմիան երբեք չի կիրառվել կտրված վնասվածքներ ունեցող հիվանդների դեպքում, եւ մինչ այժմ բժիշկները երբեք չեն փորձել լիովին փոխարինել հիվանդի արյունը աղի լուծույթով:
Մարմնի նորմալ ջերմաստիճանի դեպքում վիրաբույժներին սովորաբար հինգ րոպեից պակաս ժամանակ է տրված արյան շրջանառությունը նորից վերականգնելու համար, ինչը գլխուղեղին վնաս է հասցնում:
«Նման դեպքերում տասից միայն մեկն է ողջ մնում»,-ասել է, գիտական աշխատանքի գլխավոր հետազոտող, դոկտոր Սամուել Ա. Թիշերմանը: «Մենք մարդկանց ավելի մեծ հնարավորություններ ենք ուզում տալ»:
Այս փորձարկումը պաշտոնապես սկսվել է այս տարվա ապրիլ ամսին, եւ վիրաբույժները կանխատեսում են, որ շուտով նրանք ականատես կլինեն ամսական նվազագույնը մեկ հիվանդի վերականգնմանը:
Կենդանիների վրա փորձարկումներ կատարելուց հետո, կենդանիների 90%-ը սկսել են ապրել առանց ճանաչողական խնդիրների: Գործընթացից հետո խոզերն ու շները հիշել են նախկինում սովորած վարժությունները եւ անգամ կարողացել են սովորել նորերը:






