Աշխարհում մեծ տարածում է գտել մի նոր թրենդ՝ «առանց դիմահարդարման սելֆի»։ Դրա շնորհիվ բարեգործական  ընկերությունները հավաքում են բավականին մեծ գումարներ։

«Առանց դիմահարդարման սելֆի» թրենդը երեխաների լուսանկարներ են, որոնք կատարվել են մինչեւ քաղցկեղով հիվանդանալը, բուժման ընթացքում եւ դրա ավարտից հետո։ Այս թրենդի իմաստը ամենաբարդ հիվանդության «իրական դեմքն» աշխարհին ցույց տալն է։ Վերջերս անգլիական Royal Manchester Children's հիվանդանոցում բուժվող երեխաների ծնողները իրենց երեխաների սելֆիները ներբեռնել են համացանց՝ այս թրենդն ավելի տարածելու եւ դրան աջակցելու համար։ Չէ՞ որ այսօրվա դրությամբ միլիոնավոր ֆունտ ստերլինգ է հավաքվել Cancer Research UK հիմնադրամի համար։

Նման երեխաների ծնողները կարծում են, որ «առանց դիմահարդարման սելֆին» երեխաների քաղցկեղը կարող է ավելի քիչ սարսափազդու եւ ավելի սովորական երեւույթ դարձնել։ Նրանք ցանկանում են ցույց տալ, թե ինչպես է քաղցկեղն ազդում երեխայի վրա, եւ ինչպես կարելի է հաղթահարել հիվանդությունը։ Այս գաղափարի հեղինակներից մեկը 30-ամյա Էլեանոր Մեյսին է, ում 3-ամյա որդին 2013թ.-ից նույնպես տառապում է լեյկեմիա հիվանդությամբ։ Այժմ երեխան բուժում է ստացել եւ գտնվում է  հիվանդության ռեմիսիայի վիճակում, հայտնում է The Telegraph-ը։

«Մենք Facebook-ում քաղցկեղով հիվանդ երեխա ունեցող ծնողների համար նախատեսված խումբ ունեինք, - ասել է Էլեանորը։ Իսկ շատ այլ մարդկանց «առանց դիմահարդարման սելֆին» նյարդայնացնող էր, քանի որ նրանք չէին ցանկանում փչացնել իրենց տրամադրությունը՝ հիվանդ երեխաներին նայելով։  Բայց այս մարդիկ չէին հասկանում, որ այս ձեւով մենք գումար էինք հավաքում։ Եւ մենք ստիպված էինք այս ամենը բացատրել նրանց եւ ցուցադրել քաղցկեղի իրական դեմքը։ Վերջապես, մենք կիսվեցինք մեր պատմություններով, որպեսզի առողջ երեխաներ ունեցող ծնողները հոգ տանեն իրենց երեխաների մասին եւ մեծ ուշադրություն դարձնեն առաջին եւ մտահոգիչ ախտանշանների առաջացմանը եւ շատ շուտ սկսեն անհրաժեշտ բուժումը»։