Տղամարդկանց թլպատումը բավականին վիճելի մի հարց է, դրա մասին միշտ նոր նյութեր եւ մտքեր են ի հայտ գալիս հակասական ուսումնասիրությունների եւ կրոնական ավանդույթների պատճառով։ Սեռական ֆունկցիաների եւ հոգեբուժական առողջության վրա թլպատման հավանական ազդեցության պատճառով ծնողները բավականին դժվարությամբ են որոշում, պետք է արդյոք երեխային թլպատել, թե ոչ, հայտնում է Medical Daily.։

 «Թլպատումը համարվում է անվտանգ մի գործընթաց, բայց դա վիրաբուժական վիրահատություն է, եւ, հետեւաբար, պետք է համապատասխան խնամք ցուցաբերել,-ասել է բժիշկ Քերի Քրոնիսը։- Ցանկացած վիրահատությունից հետո առկա են ռիսկի երկու գործոն՝ արյունահոսություն եւ վարակներ։ Անհրաժեշտ խնամքի եւ պարբերաբար ստուգումների արդյունքում, պետք է որ նման խնդիրներ չառաջանան։ Թլպատման հիմնական երկու առավելությունները հիգիենայի հետեւելու պարզությունն ու միզուղիների վարակի քիչ հավանականություն են»։

Ահա մի քանի առասպել եւ փաստ թլպատման մասին.

1. Նվազեցնում է սեռական ճանապարհով  փոխանցվող հիվանդությունների հավանականությունը

Չնայած նախկինում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ թլպատումը տղամարդկանց մոտ 50-60%-ով կարող է նվազեցնել ՄԻԱՎ-ով հիվանդանալու հավանականությունը, բայց դրա իրական պատճառը դեռ բացահայտված չէ։ Տրասլացիոն գենոմիկայի գիտահետազոտական ինստիտուտում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ թլպատումը կարող է փոխել բակտերիալ միությունը, որն առավել հայտնի է «միկրոբիոմ» անունով, ինչը պաշտպանում է ՄԻԱՎ-ով վարակվելուց։

2. Նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը

Մոնրեալում Քվեբեքի համալսարանի INRS-Institut Armand-Frappier հետազոտողները պարզել են, որ ի տարբերություն թլպատման չենթարկված տղամարդկանց՝ թլպատված տղամարդիկ 14 տոկոսով ավելի պաշտպանված են շագանակագեղձի քաղցկեղի առաջացումից։

3. Տարիքին զուգընթաց ռիսկի գործոնները մեծանում են

Թլպատման հետ կապված ռիսկի հնարավոր գործոնները (օրինակ, արյունահոսություն, վարակներ, թարախային վերքեր, սպիներ, միզարձակման դժվարություններ) տարիքին զուգընթաց մեծանում են։ Հենց այդ պատճառով շատ բժիշկներ ստիպում են ծնողներին թլպատումը կատարել ավելի վաղ տարիքում, եթե իհարկե նրանք մտադիր են թլպատել երեխային։

4. Այս գործընթացը մի փոքր ցավոտ է

Չնայած թլպատումը բավականին հեշտ եւ արագ գործընթաց է, դա չի նշանակում, որ երեխան ցավեր չի զգալու։ Այդ պատճառով շատ բժիշկներ առաջարկում են թլպատումը կատարել տեղային անզգայացմամբ կամ լիդոկաին ներարկելով՝ ցավը մեղմելու համար։

5. Թլպատման զազդեցությունը հոգեկան առողջության վրա

Թլպատված երեխաների կրած հոգեկան վնասների հետ կապված նախնական ուսումնասիրությունները բացահայտել են, որ թլպատումը կարող է ալեքսիթիմիա՝ զգացմունքների արտահայտման դժվարություն, առաջացնել, ասել են հետազոտողները Տորոնտոյից։