Առողջապահության նախարարությունը բացասաբար է վերաբերվում այն դեպքերին, երբ մարդու իրավունքները ոտնահարվում են։ Եթե ինչ-որ մեկը խոչընդոտի աշխատակիցների կամքի դրսեւորմանը, դա կդիտարկվի որպես օրենքի խախտում եւ կարժանանա համապատասխան վերաբերմունքի։ Նման հավաստիացումներ արեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսում, պատասխանելով կենսաթոշակային կուտակային համակարգի հետ կապված բազմաթիվ հարցերի։

Ավելին, նախարարը խոստացավ, որ «որեւէ մարդ աշխատանքից չի հեռացվելու»։ Հետո հավելեց, դիմելով ասուլիսը վարողին. «Եթե նման դեպք գիտեք հայտնեք, շատ արագ արձագանքը կլսեք։

Հարցերը հիմնականում վերաբերվում էին այն ճնշումներին, որոնք գործադրվում են բուժհաստատություններում, որպեսզի աշխատակիցները կուտակայինից հրաժարվելու դիմում չգրեն։ Նախարարն, իհարկե, բոլոր այդ խոսակցություններըն անհիմն համարեց, ավելին, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մասին տեսանյութը վկայակոչելով, հանդիմանեց,  որ բուժհիմնարկը «լավագույն տեղը չէ նման դրսեւորումների համար»։

«Յուրաքանչյուր քաղաքացի, եթե ուզում է իր քաղաքացիական դիրքորոշումը պարզաբանել, ներկայացնել, դա չի կարելի անել հիվանդանոցում։ Դրա համար կան համապատասխան վայրեր», - նախատեց նախարարը։ Արմեն Մուրադյանը պնդեց նաեւ, որ այդ բժշկական կենտրոնում, որը քաղաքապետարանի ենթակայության տակ է, եղել է այս հարցի քննարկում կոլեկտիվի հետ, անգամ աշխատավարձի բարձրացման խնդիրն է քննարկվել։

Թեպետ, ըստ նախարարի, ճնշումների մասին խոսակցություններն անհիմն են, նա չժխտեց, որ կարող են լինել այս օրենքը խախտելու դեպքեր, ինչպես դա լինում է ցանկացած օրենքի պարագայում։ Ու եթե ինչ-որ մեկը խոչընդոտի է հանդիպում իր կուտակայինից հրաժարվելու դիմումը վերադասին հանձնելու հարցում, ապա այդ մարդկանց նախարարը որպես այլընտրանքային տարբերակ ուղղորդեց դեպի փոստարկղ, որը «որեւիցե արգելքի հետ  զուգակցված չէ»։ Վերադասից աշխատավարձի եւ պահումների չափի մասին տեղեկություն չստանալու դեպքում էլ նախարարը խորհուրդ տվեց դիմել ավելի վերեւ «վերադասության սկզբունքով, վարչական կարգով պարզաբանումներ ստանալու համար»։ «Անշուշտ, կարող են նաեւ դիմել Առողջապահության նախարարություն որպես լիազոր մարմնի»:

Նախարարն ինքը կուտակայինից հրաժարվելու դիմում չի գրել, այն պարզ պատճառով, որ օրենքն իրեն չի վերաբերվում։ Նա, իհարկե, ունի իր անձնական մոտեցումն այս հարցին, որը սակայն չցանկացավ հրապարակել։ Նրա ղեկավարած նախարարության աշխատակիցները կուտակայինից  հրաժարվելու դիմումներ չեն գրել, բայց այս հանգամանքը Արմեն Մուրադյանին «տարօրինակ չի թվում»։