Հակաբիոտիկների հանդեպ մանրէների կայունությունը, ինչպես նաեւ այլ հարուցիչների ռեզիստենտությունը հակավարակային, հակասնկային եւ հակապրոտոզային դեղամիջոցների հանդեպ ներկայում եկամուտի ցանկացած մակարդակ ունեցող երկրներում արդեն «գլոբալ ճգնաժամ» է դառնում։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր հաշվետվությունում։

Հաշվետվության համաձայն՝ հակամիկրոբային դեղամիջոցների հանդեպ հարուցիչների կայունության տարածման պատճառով շատ հիվանդություններ, օրինակ՝ տուբերկուլյոզը, ավելի հաճախ է դառնում անբուժելի։ Ավելին, մեծանում է բժշկական վիրահատությունների կատարման վտանգը, չէ՞ որ հաճախ դրանցից հետո պետք է հակաբիոտիկներ ընդունել։

2017 թվականի մարտին ստեղծվեց հակամիկրոբային դեղամիջոցների հանդեպ դեղամիջոցների կայունության  հատուկ միջգերատեսչական համակարգող խումբ, որը բաղկացած է գիտական փորձագետներից եւ ՄԱԿ գիտական հաստատությունների ներկայացուցիչներից։ Խումբը պետք է մշակեր հակամիկրոբային դեղամիջոցների հանդեպ կայունության դեմ պայքարի գլոբալ գործողությունների սկզբունքները։

Հաշվետվության համաձայն, որը հրապարակվել է ապրիլի 29-ին, դեղամիջոցների հանդեպ հարուցիչների կայունության պատճառով առաջացած հիվանդություններն ամեն տարի մոտ 700000 մահվան դեպքերի պատճառ են դառնում ամբողջ աշխարհում, ներառյալ 230000 մահերը տուբերկուլյոզից։ Եթե ոչինչ չձեռնարկվի, հեղինակների գնահատականներով, մինչեւ 2030 թվականը բուժման հանդեպ կայուն հիվանդություններից ամեն տարի կարող է մահանալ մինչեւ 10 մլն մարդ։

Առկա հակամիկրոբային դեղամիջոցների չարաշահումը եւ չափից ավելի օգտագործումը, ինչպես նաեւ կենդանիների եւ բույսերի համար դրանց օգտագործումը արագացնում են այդ դեղամիջոցների հանդեպ ռեզիստենտության զարգացումն ու տարածումը։ Մաքուր ջրին, սանիտարիային եւ հիգիենային հասանելիության անբավարարությունը, հիվանդությունների վատ կանխարգելումը, ոչ թանկ դեղամիջոցների, պատվաստանյութերի եւ կանխիչ միջոցների անհասանելիությունը վատթարացնում են իրավիճակը եւ նպաստում դեղամիջոցների հանդեպ կայուն հարուցիչների առաջացմանն ու տարածմանը։

Հաշվետվությունում հատկապես ընդգծված է մարդկանց եւ կենդանիների շրջանում ռեզիստենտության փոխկապվածությունը, քանի որ վարակիչ հիվանդությունների միջինը 60 տոկոսը, որոնք հանդիպում են մարդկանց մոտ, փոխանցվում են կենդանիներից, ինչը ենթադրում է բժիշկների եւ անասնաբույժների ջանքերի համատեղման անհրաժեշտություն։

Վերջնարդյունքում, համաձայն ՄԱԿ միջգերատեսչական համակարգող խմբի, հակամիկրոբային դեղամիջոցների հանդեպ կայունությունը սպառնում է առողջապահության ոլորտում գլոբալ առաջընթացին եւ մթերային անվտանգության ապահովմանը։