Թագավորական քոլեջի մի խումբ գիտնականներ սենսացիոն հայտնագործություն են կատարել. բրիտանական մի շարք գետերում բնակվող ծովախեցգետինների մեջ հայտնաբերվել են կոկաինի, էքստազիի եւ արգելված պեստիցիդների հետքեր: Նման վտանգավոր խորտիկը հայտնաբերվել է Սաֆֆոլք կոմսության (Հարավային Անգլիա) տարածքում գյուղական տեղանքով հոսող գետերում:
Գիտնականները նշում են, որ կոկաին է հայտնաբերվել հետազոտվող յուրաքանչյուր նմուշում: Թագավորական քոլեջի ներկայացուցիչ, բժիշկ Լեոն Բարոնը չի թաքցնում, որ վայրի բնության մեջ թմրանյութերի հայտնաբերումը զարմանք է հարուցում: «Մենք կարող էինք ակնկալել նման պատկերի բախվել քաղաքային միջավայրում, բայց ոչ մի դեպքում գյուղական: Մտահոգություն է առաջացնում նաեւ այն, որ ծովախեցգետինների մեջ հայտնաբերվել է նաեւ Մեծ Բրիտանիայում արգելված ֆենուրոն պեստիցիդը»,- ասել է նա՝ հավելելով, որ չի հաջողվել պարզել գետերի աղտոտման աղբյուրը:
Ծովախեցգետինների մեջ կոկաինից բացի, առավել հաճախ հանդիպող նյութը լիդոկաինն է: Այս տեղային անզգայացնողը հաճախ խառնում են անորակ կոկաինին, որպեսզի թմրամոլների լնդերն ընդարմանան (այս «կողմնակի էֆեկտից» որակյալ թմրանյութ է ստացվում): Դրանից բացի, ծովախեցգետինների օրգանիզմում հայտնաբերվել են կետամինի եւ մետամֆետամինի հետքեր:
Չնայած այն բանին, որ թմրանյութերի խտությունը ցածր է եղել, գիտնականները մտահոգված են, որ հայտնաբերված միացությունները կարող են վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի եւ վայրի բնության համար: Գիտնականները զերծ են մնում մարդու կողմից թմրանյութերով գիրացած ծովախեցգետինների գործածման հետեւանքների վերաբերյալ հայտարարություններ կատարելուց: Մասնագետներն, ամեն դեպքում, նախատեսում են իրենց հետազոտությունները շարունակել՝ նշելով այս խնդիրը պետական մակարդակով լուծելու անհրաժեշտությունը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Environment International ամսագրում:






