Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդները անընդհատ բախվում են բժշկական գաղտնիքի խախտման հետ։ Այս մասին NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում հայտնեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի փրոձագետ, «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիաի նախագահ Հովհաննես Մադոյանը։
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների դեպքում գաղտնիության խախտումը բավական տարածված երեւույթ է։ Միակ տեղը, որտեղ պահպանվում է պացիենտի գաղտնիությունը, ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի հանրապետական կենտրոնն է»,- նշեց Մադոյանը։ Նրա խոսքերով, գաղտնիությունը կարող է խախտվել ինչպես ՄԻԱՎ-ի անալիզ հանձնելու, այնպես էլ բուժհաստատություններին հիվանդի դիմելու ժամանակ։
«Առողջության հետ կապված խնդրի դեպքում ՄԻԱՎ-ով վարակվածները, բնականաբար, նույնպես օգնության խնդրանքով դիմում են բժիշկներին, սակայն բժիշկները, իմանալով նրանց ՄԻԱՎ-կարգավիճակը, այդ մասին պատմում են միմյանց կամ հայտնում են պացիենտի հարազատներին»,- տեղեկացրեց փորձագետը։ Բացի այդ, դրական ՄԻԱՎ-կարգավիճակով պացիենտի մասին կարող է տեղեկացվել բուժանձնակազմը, որը նույնիսկ ներգրավված չէ նրա բուժման մեջ։
«Հաշվի առնելով, որ Հայաստանը փոքր երկիր է, գաղտնիության նման խախտումները չափազանց բացասական հետեւանքներ են ունենում»,- նկատեց փորձագետը։
Չնայած բժշկական գաղտնիքի հրապարակումը քրեորեն հետապնդվում է, Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդները դատարան չեն դիմում՝ վախենալով հավելյալ հրապարակայնությունից։ «Իհարկե, տուժածները կարող են արդարության հասնել դատական կարգով՝ դիմելով դատարան, բայց նման դեպքեր մենք չենք գրանցել»,- տեղեկացրեց Մադոյանը։
Նրա խոսքով՝ եղել են նաեւ եզակի դեպքեր, երբ բժիշկները հրաժարվել են բուժօգնություն ցուցաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին։ «Այս պացիենտների խտրականության դեմ պայքարի հարցում նկատվում է դրական տեղաշարժ՝ շնորհիվ բուժաշխատողների տեղեկացվածության մակարդակի բարձրացման»,- նշեց փորձագետը։






