Վիրուսային վարակները՝ սկսած սովորական հարբուխից մինչեւ հեպատիտ C, կարող են կանխարգելվել մարդու մարմնում առկա սպիտակուցի միջոցով։

 Պիտսբուրգի քաղցկեղի ինստիտուտի (UPCI) եւ UPMC քաղցկեղի կենտրոնի հետազոտողների լաբորատոր պայմաններում կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդու բջիջներում առկա է սպիտակուց, որը կարող է բարելավել եւ մեծացնել հարբուխի եւ հեպատիտ C վարակների բուժման հնարավորությունները։ Քանի որ վիրուսները հիմնականում գալիս եւ տեղակայվում են մարդու բջիջներում, ապա այս սպիտակուցի առավելությունն այն է, որ սպիտակուցը հայտնաբերվել եւ իր ազդեցությունն է թողնում հենց բջջի ներսում։ 

«Վիրուսային վարակները աշխարհում մահացությունների հիմնական պատճառներից մեկն են»,-ասել է միկրոկենսաբանության եւ մոլեկուլային գենետիկայի դոցենտ, դոկտոր Սամենդրա Ն. Սարկարը UPCI-ից։

Սարկարը եւ իր գործընկերները առանձնացրել են oligoadenylate synthetases սպիտակուցի նման սպիտակոեւց (OASL) որն ի հայտ է գալիս հեպատիտ C վարակի հետեւանքով առաջացած լյադի քաղցկեղով տառապող մարդկանց մոտ։ Երբ հետազոտողները խթանել են այս սպիտակուցի գործունեությունը, նրանք նկատել են, որ  այն արգելակում է վիրուսների վերարտադրությունը։ Հետագա ուսումնասիրությունները մկների վրա ցույց են տվել, որ OASL սպիտակուց չունեցող մկները ավելի ընկալունակ ու ավելի հեշտ են ձեռք բերում վիրուսային վարակներ, քան սպիտակուց ունեցողները։ Գիտնականները հուսով են, որ իրենց այս բացահայտումը կհանգեցնի վիրուսային վարակների դեմ բուժման ավելի ազդեցիկ միջոցներ գտնելու հարցում։

Ինտերֆերոնը նույնպես բնական սպիտակուց է, որը արտադրվում է բջիջների կողմից վիրուսների դեմ պայքարելու համար, եւ այժմ այն օգտագործվում է հեպատիտ C բուժելու գործում։ Բայց ինտերֆերոնն այնքան էլ հաջողված բուժում չէ եւ ունի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ հոգնածություն, գլխացավ, ջերմություն, եւ սրտխառնոց։

«Մեզ վիրուսային վարակների դեմ պայքարելու համար նոր պաշտպանիչ միջոցներ են պետք, եւ մեր բացահայտումը շատ կարեւոր ու խոստումնալից է հետագա ուսումնասիրությունների համար»,-ասել է դոկտոր Սարկարը։